Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը»․ Գայանե Աբրահամյան

«Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը»․ Գայանե Աբրահամյան
62
Այսօր, 13:18

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում ընտրությունների նախնական տվյալներով արդեն պարզ է, որ Սենատում դեմոկրատները հաղթել են, Ներկայացուցիչների պալատում ևս հաղթանակը խիստ հավանական է համարվում, այսինքն Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը։
Ի՞նչ ազդեցություն սա կունենա մեզ վրա, մասնավորապես՝ ԹՐԻՓ նախագծի։
Շատերը վաղուց գուժում էին, որ եթե Թրամփի դիրքերն այս ընտրություններից հետո թուլանա՝ ԹՐԻՓ նախագիծն ու խաղաղության օրակարգն այլևս առաջնահերթություն չի լինելու։
Սա գրեթե նույն չհիմնավորված պնդումն է, որ ասում էին, թե դեմոկրատների հետ ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հանրապետականները շպրտելու են դեն, բայց փաստն այն է, որ շատ ավելի արագ ու ջերմեռանդ ջանք դրվեց հարաբերությունների խորացման համար։
Նման պնդումներն արվում են առանց հաշվի առնելու կարևոր հանգամանք.
- ԹՐԻՓ-ը միայն Թրամփի անձնական քաղաքական նախաձեռնությունը չէ, այլ ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարական շահերին համապատասխանող նախագիծ։
Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապաշրջափակումը, Եվրոպա–Ասիա կապերի զարգացումը, տարածաշրջանում ամերիկյան տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդումը կուսակցական շահերից շատ ավելի լայն նշանակություն ունեն։
Այս շահերի շուրջ երկկուսակցական մոտեցումների համընկնման լուրջ հիմքեր կան, թեև դա դեռ չի նշանակում ԹՐԻՓ-ի բոլոր մանրամասների վերաբերյալ ձևավորված կոնսենսուս։
Հետևաբար, հնարավոր են նախագծի իրականացման տեմպերի, ֆինանսավորման կամ գործիքակազմի փոփոխություններ, բայց Թրամփի դիրքերի թուլացումը ինքնաբերաբար չի նշանակում ԹՐԻՓ-ի չեղարկում։
Իհարկե, կան լուրջ մտահոգություններ Իրանի շուրջ իրավիճակի սրացման մասով։ Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է մեծացնել ռազմական գործողությունների նկատմամբ վերահսկողությունն ու դիվանագիտական լուծումների պահանջը, բայց չի բացառում նաև նոր էսկալացիան։
Հայաստանի համար այստեղ սկզբունքային է մեկ հանգամանք.
- ԹՐԻՓ-ը տարածաշրջանային խաղաղության, տնտեսական զարգացման և Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նախագիծ և չի կարող վերածվել Իրանի դեմ աշխարհաքաղաքական առճակատման գործիքի։
Ի վերջո, ԱՄՆ-ում կարող են փոխվել քաղաքական ուժերի հարաբերակցությունները, բայց դա դեռ չի նշանակում, որ փոխվում են Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմավարական շահերը»։