Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչո՞վ է երաշխավորված, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի քաղաքականությունը կփոխվի». Վահան Բաբայան

«Ինչո՞վ է երաշխավորված, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի քաղաքականությունը կփոխվի». Վահան Բաբայան
65
Այսօր, 15:36

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը խոսում է խաղաղությունից, Ադրբեջանը՝ պարտադրանքից.
Նոյեմբերի 8-ին՝ Ադրբեջանի այսպես կոչված Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում, Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է 2020 թվականի պատերազմին՝ Հայաստանի վերաբերյալ օգտագործելով «կապիտուլյացիա» ձևակերպումը։
Ալիևը Ղարաբաղում ունեցած ելույթում հայտարարել է.
«Հայաստանը ստիպված եղավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրել կապիտուլյացիայի ակտը»։
Նա նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը մարտական գործողությունների արդյունքում ազատագրել է ավելի քան 300 բնակավայր, իսկ այն տարածքները, որոնք այդ պահին դեռ չէին անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, վերադարձվել են առանց լրացուցիչ կրակոցի։
Սակայն Ալիևի հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվել։
Նա պնդել է, որ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո Հայաստանը, իր բնորոշմամբ, «երկրորդ անգամ ստիպված եղավ հանձնվել»։ Ավելին՝ խոսելով հայկական բանակի մասին՝ նա կրկին օգտագործել է նվաստացուցիչ և պարտվողականության շեշտադրումներ պարունակող ձևակերպումներ։
Իսկ Շուշիում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դեռ ստորագրված չէ՝ նշելով, որ դրա համար կան հայտնի պատճառներ
Ի՞նչ է սա նշանակում քաղաքական տեսանկյունից։
Իմ գնահատմամբ՝ այստեղ կա լուրջ հակասություն, որը Հայաստանի հասարակությունը և հատկապես իշխանությունները չպետք է անտեսեն։
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ընտրել է խաղաղության ճանապարհը, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, բանակցությունների միջոցով խնդիրների լուծմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Սակայն Ադրբեջանի նախագահի հրապարակային հռետորաբանությունը շարունակում է կառուցվել հաղթողի և պարտվողի, պարտադրանքի ու նվաստացման տրամաբանության վրա։
Երբ պետության ղեկավարը խաղաղության գործընթացի պայմաններում շարունակում է հարևան երկրի նկատմամբ օգտագործել «կապիտուլյացիա», «երկրորդ անգամ հանձնվել» և ռազմական պարտության մասին ընդգծված ձևակերպումներ, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը իսկապես պատրաստ է հավասար գործընկերների միջև խաղաղության, թե՞ խաղաղությունը դիտարկում է որպես Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու հնարավորություն։
Ավելին՝ խաղաղությունը չի կարող լինել միայն մեկ կողմի զիջումների և մյուս կողմի պահանջների իրականացման գործընթաց։ Խաղաղությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինքնիշխանության ճանաչում, տարածքային ամբողջականության հարգում և միմյանց նկատմամբ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում։
Հայաստանի իշխանություններին նույնպես պետք է ուղղել մի կարևոր հարց։
Եթե Ադրբեջանը շարունակում է նման հայտարարություններ անել, ինչո՞վ է երաշխավորված, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրա քաղաքականությունը կփոխվի։ Արդյո՞ք մենք ունենք բավարար միջազգային երաշխիքներ, թե՞ հույսը դնում ենք միայն Բաքվի քաղաքական կամքի վրա»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան