Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը
34
Այսօր, 11:36

«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- նոյեմբերի 2-ին, բյուջետային քննարկման ժամանակ, ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ հանձնաժողովի նիստում վերոնշյալ նախագծի քննարկումներն են: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ասաց. «Նախատեսում ենք, որ քաղաքացիները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներից որոշակի գումարներ ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին: Օրենսդրական փոփոխությունը միայն ուղղությունն է նշում, մնացած դետալները՝ գումարի չափ, պահանջներ և այլն, վերապահվում է կառավարությանը»:

Նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Եթե օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն ՀԿ-ները, ԶԼՄ-ները, կուսակցությունները, բայց, միաժամանակ, ցանկը պետք է սահմանի կառավարությունը, բա էլ ումի՞ց պետք է անկախ լինեն»: Փոխնախարարն ասաց. «Որևէ բան ես չնշեցի՝ կապված, որ կառավարությունը ցանկ է սահմանել, ասացի՝ որոշակի պահանջներ կան, որոնք բովանդակության հետ կապ չունեն, այսինքն՝ պահանջներից մեկը, օրինակ, որ երկու տարի պետռեգիստրում գրանցված լինի: Բովանդակային որևէ սահմանափակում չկա»:

Թովմասյանը մյուս հարցը տեխնիկական էր. «Հայտարարատուն մտավ, բացեց, ՍՊԸ-ների ցանկ պետք է լինի, չէ՞, որ ընտրի, դա ինչպե՞ս է թարմացվելու»: Սահակյանն արձագանքեց. «Որոշակի տեղեկատվություն՝ ՊԵԿ ներկայացնելու պահանջ է լինելու, անվանում, եկամուտների, ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, ու եթե մնացած պայմաններին (գրանցված լինի, հարկային պարտավորություն չունենա), բավարարի, կհայտնվի ցանկում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԺ հանձնաժողովի նիստը