Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Տիգրան Ավինյանը, նկատելի թավշյա հակադարձումով, արձագանքում է Աննա Հակոբյանին»․ Հակոբ Բադալյան

«Տիգրան Ավինյանը, նկատելի թավշյա հակադարձումով, արձագանքում է Աննա Հակոբյանին»․ Հակոբ Բադալյան
38
Այսօր, 12:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրեր անց կարծես թե հրապարակավ առաջին անգամ անդրադարձել է այն թեմային, որ հրահրեց վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ իր հայտնի տեսանյութով։

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է, որ Երևանում խցանումները որևէ ուղիղ կապ չունեն կառուցապատման հետ։

«Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և, միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի», ասում է Տիգրան Ավինյանը, նշելով, որ մեքենաները Երևանում ավելացել են «էքսպոնենցիալ տեմպով»։

Ըստ ամենայնի, այդ արտահայտությունն էլ Ավինյանը կիրառում է, Հակոբյանին ցույց տալու համար, որ չունի գիտելիքի պակաս։

Ընթերցողին նշեմ, որ էքսպոնենցիալ տեմպն այն է, երբ աճը ոչ թե պարզապս անգամներով է, այլ աճի ամեն հաջորդ փուլ իր տեմպով ավելին է, քան նախորդը։

Այդպիսով, Տիգրան Ավինյանը, իհարկե, անուղղակի, իհարկե, բավականին համեստ, բայց արձագանքում է Աննա Հակոբյանին, ընդ որում՝ նկատելի թավշյա հակադարձումով, որ Հակոբյանն ինքը չունի Երևանի խնդրի վերաբերյալ բավարար պատկերացում։

Այստեղ ամբողջ հարցն այն է սակայն, որ Աննա Հակոբյանի տեսանյութի «մեխը» թերևս բոլորվին էլ խցանումների վերաբերյալ գնահատականը չէր, այն «միլիոնավոր դոլարների շինթույլտվությունների ծրագրերը քաղաքապետարանի հավանությանը «սկուտեղով ներկայացնելու» մասին նրա խիստ թափանցիկ ակնարկը։ Տիգրան Ավինյանը թերևս չէր կարող դա չհասկանալ կամ պատկերացնել։ Իսկ թե ի՞նչ պատասխան ունի այդ կապակցությամբ, դեռ պարզ չէ, ինչպես որ պարզ չէ՝ նա այդ պատասխանը ստիպված կլինի տալ վարչապետի տիկնո՞ջը, թե՞ այլ տիկնոջ, որը զբաղեցնում է օրինակ գլխավոր դատախազի պաշտոնը։ Համենայն դեպս, կարծում եմ, որ Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան