Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան
30
Այսօր, 10:30

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից
1. Երբ ՀԱՊԿ-ում քննարկվում էր Հայաստանի հարցը, նույն պահին քաղաքացի Նիկոլ Փ.-ն Թուրքիայում հանդիպում էր Էրդողանի հետ։ Ամեն ինչ շատ խորհրդանշական ստացվեց. նույն օրը, գրեթե նույն ժամին, Հայաստանի ղեկավարը նպաստում էր մեր երկրի անվտանգային համակարգի թուլացմանն ու ջանքեր գործադրում սեփական անվտանգության ապահովման համար։
2. ՀԱՊԿ-ում դեղին քարտ ցույց տվեցին Հայաստանին՝ զրկելով մեզ ձայնի իրավունքից, բայց միևնույն ժամանակ դուռը չփակեցին մեր առջև՝ հայտարարելով, որ ՀՀ-ն կարող է ամբողջությամբ վերականգնել իր կարգավիճակը, երբ վճարի անդամավճարը։ Դա «թարգմանաբար» նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, և մասնավորապես Ռուսաստանը, չի ընդունում ՀՀ գործող իշխանությանը, բայց բարեկամ ու դաշնակից է համարում ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ Մոսկվան հստակ տարանջատում է մտցնում ՀՀ օրվա իշխանության և հայ ժողովրդի միջև։
Նիկոլ Փ.-ն ըստ այդմ օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ։
3. Նիկոլ Փ.-ի քաղաքականությունը՝ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն թշնամացնելու և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները զրոյացնելու ուղղությամբ, ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել է մեր երկրի ինքնիշխանության մակարդակը։ Նույնը վերաբերում է մեր անվտանգային ճարտարապետությանը։
4. ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն փոխլրացնող կազմակերպություններ են, որոնք գործում են ՌԴ գլխավորությամբ, այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն է գործում ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Երբ ՀՀ իշխանությունը փչացնում է հարաբերությունները մեր բնական ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, դրանով իսկ ոչ թե այլընտրանքային անվտանգային համակարգ է ապահովում, այլ դուռ է բացում թուրք-ադրբեջանական հարձակման համար։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մշտապես անկեղծ են եղել և հայտարարել, որ անվտանգային հարցերում իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն և չեն կարող ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ։
5. ՀԱՊԿ-ի որոշումը հերթական ազդակն էր հայ ժողովրդին այն մասին, որ կարող են սպասվել ողբերգական իրադարձություններ, և անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն։
Հարցն այն չէ, որ ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ը հարձակվելու են ՀՀ-ի վրա, հարցն այն է, որ ՌԴ անվտանգային հովանու բացակայությունից կարող է օգտվել Ադրբեջանն ու Թուրքիայի աջակցությամբ պարզապես ճզմել մեր երկիրը (Իրանն առանց Ռուսաստանի չի կարող հավասարակշռել թուրք-ադրբեջանական էքսպանսիային)։
6. 2018-ին Նիկոլ Փ.-ն ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ արեց՝ իմիջային լուրջ հարված հասցնելով այդ կառույցին (խոսքը գեներալ Խաչատուրովի դեմ ապօրինի գործի հարուցման մասին է)։ Ադրբեջանն օգտվեց դրանից, և հետագա զարգացումները բերեցին Արցախի կորուստին։ Այսպես շարունակվելու դեպքում մենք շատ ավելի դրամատիկ զարգացումների մեջ կարող ենք հայտնվել։ Հայ ժողովրդին փորձում են շեղել և զբաղեցնել բանանային էժանագին ռիլերով, մինչդեռ բոլորիս ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի մեր երկրի անվտանգության հիմնախնդիրների վրա։
7. ԵՄ-ն խրախուսում է Նիկոլ Փ.-ի հակառուսական քաղաքականությունը, ինչպես որ Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտումներ իրականացնելու հարցում խրախուսեցին։
Տխրահռչակ Մակրոնն այդ ամենի համար Նիկոլ Փ.-ին անվանում էր «խիզախ առաջնորդ»։ Իրոք, որ «խիզախություն» է պահանջվում Արցախն ու արցախցիներին յաթաղանի բերանը հանձնելու համար, այն էլ՝ ՀՀ ղեկավարի կարգավիճակում։ Այժմ ՀՀ իշխանություններից էլ ավելի մեծ «խիզախություն» է պահանջվում, քանզի զոհասեղանին արդեն ամբողջ Հայաստանն է։
8. Քաղաքացիական պայմանագրի պարագլուխները հայտարարում են, թե «դողում են խաղաղության համար», և դա է պատճառը, որ համաժեք չեն արձագանքում Ադրբեջանից հնչող հակահայկական խոսույթին ու հակահայկական քայլերին։ Իրենք, այսպես ասած, «խնամում են խաղաղությունը», որն իրականում ժամանակավոր հրադադար է։ Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունը խնամում է Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղությունը, բայց տարօրինակ ձևով չի խնամում, ավելի ճիշտ՝ թշնամացնում է մեր հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ ու լարվածություն առաջացնում Իրանի հետ հարաբերություններում։
9. ՀՀ քաղաքացինեն ու մեր քաղաքական դասը պետք է շատ հստակ կողմնորոշվեն և ինքնորոշվեն։ Անվտանգային հարցերում լղոզվածությունը տեղ չունի, դատարկաբանությունը՝ նույնպես։
10. ՀՀ-ն պետք է վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, բնականոն ու ռազմավարական դարձնի հարաբերությունները ՌԴ-ի հետ և գնա կայուն ու երաշխավորված խաղաղության հաստատման ճանապարհով։ Առայժմ դա հնարավոր է, բայց ոչ այսօրվա քաղաքական կուրսի պարագայում։ Ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան