«Պուծինն այսպիսով պաշտոնապես վերածվեց մարդասպանի և ավազակի, ոչ միայն քաղաքական, այլև անենապարզունակ քրեական և անձնական մակարդակով». Տիգրան Խզմալյան
774
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 02:05
Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊՈՒԾԻՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է։ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ։ Ոչ բոլորը, հավանաբար, գիտակցեցին, թե ինչ կատարվեց մի քանի ժամ առաջ, երբ Բրիտանիայում ռուս և տեղացի քաղաքացիների թունավորումը հետաքննող լրագրողները գտան մարդասպանության մեջ կասկածվողներից մեկի իրական անուն-ազգանունը և զինվորական կոչումը։ Սոցիալական ցանցերում թողած հետքերի, լուսանկարների, գաղտնի փաստաթղթերի և ծառայակիցների վկայությունների հիման վրա պարզվեց, որ «գործարար ու զբոսաշրջիկ Ռուսլան Բոշարով» ներկայացող մարդն իրականում ռսական ռազմական հետախուզության գնդապետ, «Ռուսաստանի հերոս» կոչման արժանացած լրտես և մարդասպան Անատոլի Չեպիգան է։ Նրա և զույգի մյուս մասնակցի՝«Պետրով» ներկայացողի հարցազրույցը «Ռաշա թդեյ» քարոզչական ալիքի խմբագրին Մարգարիտա Սիմոնյանին այնքան ողորմելի և կասկածելի էր, որ ինքը Սիմոնյանը հազիվ էր թաքցնում հեգնանքն ու անվստահությունը, իսկ ռուսաստանյան և միջազգային մամուլը ծաղրի առարկա դարձրեց այս երկուսին։ Սակայն մինչև վերջերս այս ամենը միայն լոկ վարկած էր, որը չեր դիմանում անմեղության վարկածի քննության։ Նոր բացահայտումը գլխիվայր շրջեց դա և ուղիղ հարվածի տակ է դրել անձամբ Պուծինին, քանի որ հենց նա էր փաստորեն հրամայել «Բոշարովին ու Պետրովին» դուրս գալ ստվերից ու ներկայացնել իրենց հեքիաթը հանրությանը։ Հիշենք, չարաբաստիկ հարցազրույցից մեկ օր առաջ նա ասաց հեռուստատեսությամբ, պատասխանելով նախապես պատրաստված հարցին, որ «մենք, բնականաբար, գտանք այդ մարդկանց, այնտեղ չկա ոչ մի քրեական կամ կասկածելի բան, կարծում եմ նրանք շատ շուտով կներկայանան անձամբ և կպատասխանեն բոլոր հարցերին»։ Սա, անշուշտ, հրաման էր, և երկու գործակալները զինվորական կարգապահությամբ հաջորդ իսկ օրը եկան Սիմոնյանի մոտ, քանի որ ճշմարտանման բացատրություն հորինելու ժամկետն արդեն անցել էր։ Սակայն ռսական հատուկ ծառայությունների փնթի ու անգրագետ աշխատանքն այդքան հետքեր է թողել երկրում և արտասահմանում, որ առաջին իսկ լուրջ լրագրողական հետաքննությունը բացահայտեց այս ամենը։ Թվում է՝ դրանից ի՞նչ, լրտեսները տապալվում ու բռնվում են ոչ առաջին անգամ, սակայն այս դեպքն ունի մի սկզբունքային տարբերություն։ Սովորաբար ոչ մի հատուկ ծառայություն չի մեկնաբանում իր գործակալների արարքները, առավելապես տապալումները, բայց արի ու տես՝ Պուծինը որոշեց անձամբ միջամտել և շարքային սկանդալը դարձրեց ճակատագրական աղետ։ Փաստորեն նա բացահայտ ստել էր ողջ աշխարհին, որ նրա մարդասպանները սովորական ու անմեղ մարդիկ են՝ և այդպիսով նա ստանձնեց ողջ այս հանցագործության իրականացման, տապալման և բացահայտման անձնական պատասխանատվությունը։ Նման սխալ աններելի է անգամ հետախուզության պետի համար, ինչ ասել պետության ղեկավարի ու գլխավոր հրամանատարի մասին։ Բացի բուն սպանությունից, այն էլ ռազմական թույնի կիրառմամբ, Պուծինը հրապարակայնորեն խախտեց նաև չգրված ու հին օրենքը՝ նա փորձում էր պատժել մի գործակալի, որին նա մինչ դա ձերբակալել և ինքն էլ փոխանակել էր տասը ռուս լրտեսների հետ։ Այսինքն, Սկրիպալի դեմ մահափորձը խախտում է անգամ տարրական գաղտնի գործարքի կանոնները և վկայում է, որ Պուծինի հետ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ։ Այլ կերպ ասած, Պուծինն այսպիսով պաշտոնապես վերածվեց մարդասպանի և ավազակի, ոչ միայն քաղաքական, այլ անենապարզունակ քրեական և անձնական մակարդակով։ Որևե առնչությունը նրա հետ, ինչպես նաև ռուս պաշտոնյաների հետ դառնում է զավեշտալի և անհնարին անգամ կենցաղային մակարդակով։ Վերջին օրերի տարածված նկարներից է տարբեր միջազգային ատյաններում ռուս ներկայացուցիչների հետ միասին թեյ խմելուց ցուցադրական հրաժարվելու պատկերները՝ թունավորվելու կասկածով։ Ռուս պատրիարք Կիրիլից թեյի բաժակ չվերցրեց հույն հովվապետը, ԵՄ արտգործնախարար Մոգերինին մերժեց ՄԱԿ-ում ռուս դեսպան Նեբենզյայի առաջարկած բաժակը։ Դա միայն սկիզբն է։ Ռուսաստանը տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներից հետո ենթարկվում է նաև բարոյական, էթիկական, մարդկային մերժմանը։ Վայ մեզ, եթե Հայաստանը նման պայմաններում էլ մնա ստորության, ստորաքարշության, ստրկամտության վերջին հանգրվանը»։