Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Այսօր նշվում է Թարգմանչաց տոնը

Այսօր նշվում է Թարգմանչաց տոնը
1248
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 15:10

Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային եկեղեցական տոներից է։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքը։)

Հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին, Հովհաննես Եկեղեցացին։ Մատյանն այնքան կատարյալ է թարգմանվել, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը այն համարել է «Թարգմանությունների թագուհի»։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առթիվ.

«Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը՝ Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և Հայաստանի բոլոր կողմերում ու նաև Արցախում դպրոցներ բացելու համար:

Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից աշխարհ՝ ստեղծեց և Հայաստան բերեց Հայոց այբուբենը, որն այլևս դարձավ մեր ազգային ու հոգևոր ինքնության պահպանման ամենամեծ գրավականը: Բայց նա Հայաստան բերեց նաև ժամանակի գիտության ջահը, որն իր աշակերտները, բորբոքելով և ավելի պայծառ լույս տալով, վերադարձրին աշխարհին:

Այդ նրանք ու իրենց աշակերտներն էին, որ ստեղծեցին Հայոց մշակույթի Ոսկեդարը, նրանք էին, որ Հայաստանում սկզբնավորեցին Թարգմանչաց շարժումը և հայերեն թարգմանեցին ու Մաշտոցյան այբուբենով հավերժացրեցին ժամանակի մեծ մտածողների գործերը: Իսկ նրանց ստեղծած մարդկային մտքի գրավոր հուշարձանները աշխարհի համար առ այսօր համարվում են գիտական մանրակրկիտ ուսումնասիրության առարկա ու անընդհատ թարգմանվում են ամենատարբեր լեզուներով:

Եվ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, սիրելի աշակերտներ և ուսանողներ. այսօր աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում: Գնացեք, սովորեք, յուրացրեք ժամանակակից գիտության վերջին նվաճումները: Բայց միշտ հիշեք, որ Թարգմանչաց շարժման ամենամեծ խորհուրդը զարգացած Հայաստանի տեսլականն էր, և այդ շարժումը սկզբնավորեցին նրանք, ովքեր այն դժվարին ժամանակներում տեսնում էին վաղվա Հայաստանը:

Նրանք ժամանակի մտքի հսկաներից էին, աշխարհը կանչում էր նրանց, խոստանում էր ամեն ինչ, բայց գնում ու սովորում էին՝ աչքերի առջև ունենալով Հայաստանի պատկերը և շտապում վերադառնալ: Որովհետև Թարգմանչաց շարժումը Հայաստանին նվիրվելու անդրժելի խոստում էր: Ու Հայաստանում էլ ստեղծեցին այն իսկապես մեծ արժեքները, որոնք օտարության մեջ հաստատապես չէին ստեղծվելու:

Այսօր մենք ունենք պաշտպանված և զարգացող Հայաստան ու Արցախ, իրականացնում ենք կրթական ոլորտի հիմնարար բարեփոխումներ, որոնք նոր ու լայն ճանապարհ են բացելու ձեր առջև: Բարի երթ ձեզ: Միայն հիշեք, որ վաղը պիտի այդ ճանապարհով էլ վերադառնաք Հայրենիք և ձեր գիտելիքներն այստեղից ի սպաս դնեք Հայաստանի, Արցախի ու աշխարհի զարգացմանը»: