Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

««Գերի»՝ մի քանի րոպեով». Սամվել Կարապետյան

««Գերի»՝ մի քանի րոպեով». Սամվել Կարապետյան
2000
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 01:40

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Գերի»՝ մի քանի րոպեով
(կարծես երեկ էր, բայց վրան արդեն 25 տարի է անցել)

1993 թ. ամռան կեսերն էին: Դեպի ազատագրված շրջաններ իրարահաջորդ հերթական ճամփորդությանս ընկերակից ունեի Հայկ եղբորս:
Մեր ուղին սկսեցինք Քաշաթաղի շրջանից և առաջանալով Աղավնագետի հովտում գտնվող ադրբեջանցի համարված և որպես այդպիսին՝ ազատամարտի օրերին վտարված թրքացած քրդերից մնացած անբնակ գյուղերով, հովտի վերջին՝ պատմական Եզնարածանց (նախկին՝ Լենինքենդ) գյուղում հայաշեն թաղակապ բնակելի տունը տեսնելուց հետո, անցանք լեռնանցքն ու սկսեցինք շրջագայել Հոչանց գետի հովտում փռված գյուղերով: Այս վերջինից հետո էլ անցանք Շալվայի հովիտը և քիչ-քիչ վեր բարձրանալով ճամփորդության 6-րդ օրը՝ հուլիսի 4-ին հասանք մի բարձր կետի, որտեղից արդեն շատ մոտ երևում էր Քաշաթաղի շրջանը՝ Քարվաճառի շրջանից բաժանող լեռնաշղթան, լեռնանցքը հատող և զիգզագներով դեպի մեր կողմ իջնող հողե ճանապարհը, իսկ ցածում, ուղղակի մեր առջև՝ այժմ Հայթաղ վերանվանված Ղոռչու գյուղը:

Արդեն երեկոյանում էր և մտածում էի հրդեհված գյուղում գիշերելու համար մի շեն մնացած տուն կամ թեկուզ մի կտոր ծածկ գտնել: Միջանկյալ ասեմ, որ այդ ճամփորդություններիս շրջանում մեր ուսապարկերը հնարավորինս թեթև ունենալու համար յուրաքանչյուր ոչ այնքան էական նկատված պարագա ի սկզբանե դուրս էինք թողել: Ավելորդ իրերի թվում էր հայտնվել նաև նույնիսկ իմ ոչ այնքան ծանր վրանը, ուստի հնարավոր անձրևներից խուսափելու համար յուրաքանչյուր գիշերատեղիում գոնե մի ծածկ գտնելը մեզ համար կարևոր էր: Այն էլ ասեմ, որ չնայած մեր շալակին եղած և օրավուր սպառվող սննդամթերքի պաշարներին գոնե իմ ուսապարկը գյուղերի ավերակված գրադարաններից հավաքածս գրքերի պատճառով թեթևանալու փոխարեն անընդհատ ավելի ու ավելի էր ծանրանում: Այդ ճամփորդությանս ընթացքում իր չափերով ու քաշով հատկապես անդուր էր Ադրբեջանական խորհրդային հանրագիտարանի տանս գրադարանում պակասող հատորներից մեկն ի թիվս այլ գրքերի շալակած տանելը:
Հեռադիտակն աչքերիս, շրջում եմ տնե-տուն և վերջապես գյուղամիջյան մի թեթև բարձրության վրա հրդեհից զերծ մնացած կրկնահարկ կանգուն մի շենք եմ նկատում:

Դե ինչ, գիշերատեղը որոշված էր և մնում էր օրվա վերջին մոտ 3 կմ տարածությունը կտրել ու մտնել գյուղ: Կարճ հանգստից հետո արդեն ուզում էինք շալակել ուսապարկերն ու իջնել դեպի գյուղ, երբ լեռնանցքից դեպի մեր կողմ իջնող երեք մեքենա երևաց: Նորից դիրքավորվում ենք և հեռադիտակով ուշադիր նայում մեզանից ուղիղ գծով մոտ 6 կմ հեռավորության վրա զիգզագներով դեպի ցած իջնող մուգ կանաչ գույնի, ուստի և զինվորական մեքենաներին: Նրանցից մեկը՝ առջևից ընթացողը «վիլիս» էր, իսկ մյուս երկուսը բեռնատարներ էին, մեկը՝ «կռազ», մյուսը՝ «կամազ»:

Դեռ մայիս ամսից անվերջ արծարծվում էր ազատագրված շրջանների վերադարձման խայտառակ նյութը և արտաքին աշխարհից օրեր ու շաբաթներ իսպառ կտրված յուրաքանչյուր ճամփորդությանս ընթացքում մի թաքուն անհանգստություն ունեի, թե հանկարծ «մեր իշխանություններն» այդ պիղծ գործարքն իրականացրած չլինեին ու մենք էլ բանից անտեղյակ ընկնենք ադրբեջանցիների ձեռքը: Ավելորդ է ասեմ, որ ո՛չ մերօրյա ձեռքի հեռախոսները և ո՛չ էլ անգամ ճամփորդական մի ռադիո մեզ հետ չունեինք, ուստի ճամփորդության ողջ ընթացքում գտնվում էինք աշխարհից լիակատար մեկուսացած վիճակում:

Նայում էի հակառակ կողմից նույնպես դեպի գյուղ իջնող զինվորական մեքենաներին և գոնե եղբորս ավելորդ անհանգստություն չպատճառելու համար մտածումներս չէի բարձրաձայնում: Վերջապես շաբաթ էր, որ աշխարհից ոչ մի լուր չունեինք և ո՞վ գիտեր, թե այդ ընթացքում ինչ էր կատարվել:
Այս մտքերով շարունակում էի հեռադիտակով հետևել զինվորական մեքենաներին, որոնք արդեն հասել էին գյուղ: Բեռնատարները տեսադաշտիցս կորել էին, որով պարզ էր, որ նրանք կանգ էին առել մեր դիտակետից անտեսանելի տեղում: Փոխարենն անընդհատ շարժման մեջ էր «վիլիսը», որը կարծես որոնումների մեջ էր, քանի որ անընդհատ ինչ-որ մի ուղղությամբ առաջ էր շարժվում, ապա վերադառնում և նույն երթը կրկնում մեկ այլ ուղղությամբ:

Վերջապես, բացարձակ վստահություն վայելող ներքին ձայնիս դրդմանբ որոշեցի գյուղ իջնել: Շալակեցինք մեր ուսապարկերը և սկսեցին քայլել դեպի գյուղ:
Գյուղեզրով հոսող գետակն անցնելով շատ մոտից լսվում է կարծես դեգերումների մեջ գտնվող «վիլիսի» ձայնը, որը հեռանում է մեզանից դեպի ձախ ընկած թաղամասի ուղղությամբ: Մինչ այդ մենք էլ հասնում ենք գյուղամիջյան այն ճանապարհին, որով րոպեներ առաջ անցել էր «վիլիսը»: Մտածում էի այլևս կանգ առնել, քանի որ համարյա համոզված էի, որ արդեն մի քանի ուղղությամբ գնացած ու վերադարձած մեքենան նաև այս անգամ ետ դարձով դուրս պիտի գար մեզ հանդիման:

Շուտով լսվում է վերադարձող մեքենայի վարկյան առ վարկյան ավելի մոտեցող ձայնը: Ճամփեզրի մեր կանգնած տեղը քիչ ոլորան ուներ, ուստի «վիլիսը» մեզ նկատեց գրեթե միայն վերջին պահին և մի լավ փոշի բարձրացնելով կտրուկ արգելակեց:
Ուսապարկերից զատ միայն ձեռքիս ձեռնափայտը կար, ուստի գոնե արտաքուստ հաստատ վտանգավոր թվացող կերպարանք չունեինք:
Որոշեցի ինքս մոտենալ մեզանից մի 20-25 մետրի վրա կանգ առած և անշարժության մեջ մնացած «վիլիսին»: Մոտենում եմ վարորդի կողմից և մի երեք մետր չհասած բարևելով կանգ առնում: Վարորդն առանց բարևիս պատասխանելու դռան բաց պատուհանից լուռ ու անթարթ ինձ է նայում: Կամքիցս անկախ հայացքս գցում եմ վարորդի կողքին նստած նույնպես լուռ մյուս զինվորականի կողմը և նկատում, որ սա ավտոմատը պատրաստ դիրքով մարմնի կես մասով արդեն դուրս է եկել իր կողմից զգուշորեն բացած դռնից և վարորդի նման անթարթ ինձ է նայում:

Չգիտեմ քանի ակնթարթ տևեց, այս ամենը, բայց սիրտս պատվեց իրական անհանգստությամբ մանավանդ այն պահին, երբ նկատեցի մեքենայի մեջ կանգնած ու կիսաբաց դռնից դանդաղ դուրս ելնող զինվորականի քիչ սեխաձև գլուխը:
Այդ ծանրագույն ակնթարթներին ինքս ինձ նախատում էի, թե ինչո՞ւ մոտենալիս նույնիսկ մտքովս չէր անցել, որ գոնե մեքենայի համարանիշերին ուշադրություն դարձնեի և հիմա կանգնել եմ երկու զինվորականի առջև, որոնցից մեկը չի խոսում, մյուսն էլ՝ չի խոսում հերիք չի, դեռ գլուխն էլ քիչ սեխաձև է: Եվ մինչ գլուխս ծակում էր սոսկալի այն միտքը, թե գուցե իրապես արդեն տեղի է ունեցել դավաճանական մեծագույն ակտը և տարածքներն էլ հանձնել են ու մենք էլ դրանից ոչ մի լուր չունենք, հանկարծ, այնքան երկար ընդմիջումից հետո վարորդն արձագանքում է բարևիս:
Մղձավանջը մեկ ակնթարթում ցրվում է, շունչս տեղն ընկնում: Անթաքույց ուրախությամբ թեթևացած բացականչում եմ. — այ ախպերս, բա մի ձայն հանի, ես էլ արդեն մտածում էի, թե...:
Խոսքս չհասցրի ավարտել, քանի որ վարորդի կողքի զինվորականը հրամայեց առաջ անցնել: Այս հրամանն ավելի բոռ ձայնով կրկնեց, երբ ասացի, թե գոնե մեր ուսապարկերը դնենք ձեր մեքենայի մեջ:
Ինչ արած, քայլում ենք դանդաղ ընթացքով մեր հետևից ընթացող մեքենայի առջևից: Կանգ ենք առնում մի գետակի առջև և մինչ մտածում էի, թե ինչպե՞ս պիտի անկամուրջ ջուրն անցնեինք, հնչում է հերթական հրամանը.
— Ի՞նչ եք կանգնել, ջուրն անցե՛ք: Ճար չկար, շրըմփ-չրըմփոցով ջուրն ենք անցնում: Սրա վրա քիչ նեղսրտած ինձնից ինը տարի կրտսեր եղբայրս, թե՝ — այս ինչ փորձանքի մեջ ընկանք: Պատասխանում եմ, Հայկ ջան, չմտածես, գնում ենք խորոված ուտելու: — Չէ-չեմի. սա էր պատասխանը:
Սկսում ենք հողե ճանապարհով բարձրանալ դեպի կանգուն այն միակ տունը, որը դեռ գյուղ չմտած իբրև հարմար գիշերատեղի ես էլ նկատել էի և աչքի տակ առել:

Թմբի գլխին գտնվող երկհարկ տան բակում մեզ են դիմավորում հարցական հայացքները մեզ ուղղած մոտ 15-20 զինվորական:
Հասնում ենք իրենց: Տեղի տալով դեռ չմարած բարկությանս որոշում եմ բարևս մի քանի ակնթարթ ուշացնել, որով փոխադարձաբար նույնպիսի անորոշության ու լարվածության եմ մատնում մեր այն զինվորներին, որոնցից երկուսը րոպեներ առաջ բարևիս ուշացումով էին պատասխանել:
Կանգնել ենք մեր զինվորների առջև, մի 5-6 մետրի վրա ու պարզ լսում եմ միմյանց ականջին փոխանցվող փսփսոցները. «ուրեմն դեռ թուրքեր կան», մյուսը թե՝ «սրանք բնակիչներ չեն, այլ՝ լրտեսներ»: Վերջապես բարևեցի ու մեզ թուրք կարծող զինվորների մեջ թեթև իրարանցում ընկավ:
— Եթե կարելի է, ուզում եմ ձեր հրամանատարին ներկայանալ:
Տեսնում եմ, դեպի ինձ են առաջանում երկու հոգի, մեկը՝ կաղալով, մյուսը՝ ձեռքին մի աթոռ (ակամա մտաբերում եմ բոլշևիկյան հեղափոխության մասին տեսածս խորհրդային ֆիլմերի այն դրվագները, երբ չգիտես ինչու միշտ կաղ սպիտակ գվարդիական ատամանին կրնկակոխ հետևում է աթոռը ձեռքին համհարզը):

Հրամանատարը տեղավորվում է առջևս հարմարեցված աթոռին: Ողջունում եմ և անձնագիրս մեկնելով ներկայանում: Վերցնում է, զննաբար նայում: Նույն պահին կողքին կանգնած մեկ ուրիշ զինվորական հրամանատարի ականջին փսփսում է. — կեղծ կլինի:
Փորձում եմ մեր նպատակի, աշխատանքի և անցած ուղու մասին տեղեկություններ փոխանցելով փարատել կասկածները: Թվարկում եմ, նախորդ օրերի ընթացքում մեր անցած գյուղերը և թե ո՞ր գյուղում՝ հայկական ի՞նչ հնություններ ենք տեսել:
Հրամանատարը լսում-լսում է և մեկ էլ, թե՝ —խաչքար, ի՞նչ խաչքար, այստեղ ի՞նչ խաչքար կարող է լինել:
Սկսում եմ ավելի հանգամանալից և հավելյալ տեղեկություններ փոխանցել այն մասին, որ բոլոր այս գյուղերը նախքան վերջին մեկ-մեկուկես դարերի ընթացքում թրքաբնակ դառնալը դարեր շարունակ հայաբնակ էին, ուստի և նրանցում հայկական շատ հուշարձաններ են պահպանվել, որոնք գտնել-ուսումնասիրելու նպատակով էլ ահա և մենք ընկել ենք սար ու ձոր:
Հրամանատարն իր կաշվե պայուսակից դուրս է բերում մի քանի ծալքով փոքրացրած խորհրդային ռազմական քարտեզն ու այնպիսի դիրքով, որ ես չտեսնեմ փորձում է գտնել այն գյուղերը, որոնք արդեն թվարկել էի:
— Ասում ես, որ գյուղերն եք անցե՞լ:
Նորից հերթականությամբ կրկնում եմ մի քանի գյուղերի անուններն, իսկ հրամանատարը շարունակում է փնտրել: Վերջապես ոչ միայն, որ համբերությունս է հատում, այլև ուզում եմ գործը հեշտացնել մեր անցած երթուղին ընդգծած նույնպիսի քարտեզի իմ օրինակը ուսապարկիցս դուրս բերելով: Ընթացքում կատակի տալով ակնարկում եմ, թե ձեր քարտեզը 100:000-անոցն է, իսկ իմը՝ կրկնակի մանրամասն՝ 50.000-անոցը (դե հակառակ հրամանատարի ցուցաբերած զգուշավորությանը, քարտեզը բացելու պահին մի ակնթարթ աչքս դիպել էր ու հասկացել էի, որ հրամանատարի ձեռքինն ընդամենը 100.000-անոցն է):
Ուսապարկիցս հանում եմ նաև դաշտային գրառումներիս հաստ տետրը, որտեղ մատնացույց եմ անում մեր չափագրած կառույցներից մի քանիսը, նաև հայերեն արձանագրությունների ընդօրինակություններս, որոնցից մի քանիսի բովանդակությունը պատմողաբար ներկայացնում եմ:
Մինչ այս, տեսնեմ, որ բոլոր զինվորները հնարավորինս մոտ խմբվել են մեր շուրջ և հետաքրքրությամբ լսում են:
Հրամանատարի խոսվածքն ինձ ծանոթ է թվում, ուստի հարցնում եմ, թե արդյո՞ք նա Ջավախքից է: Պատասխանում է, թե՝ այո, Կարզախ գյուղից: Ասում եմ, որ մի քանի տարի առաջ Կարզախում և Ջավախքի անխտիր բոլոր բնակավայրերում էլ այս նույն նպատակով շրջագայել եմ և որ հենց Կարզախում էլ ճանաչում եմ այսինչ մարդկանց, որոնցից մեկն առաջնորդել է Խոզապին լճի ափին գտնվող Ավետենց սուրբը, մյուսն իր տանը հյուրասիրել է և այլն:
Հրամանատարի դեմքին ժպիտ է երևում: Մոտը կանգնած զինվորականը, թե՝ Սուխլիսում էլ եք եղել: Հասկացա, որ խոսքն Ախալցխայի Սուֆլիս գյուղի մասին է, ուստի այդ գյուղի ու նրա մերձակայքի կարևոր հնավայրերն էլ թվարկեցի: Հետևեց մեկ ուրիշի հարցը, իսկ Կուրթանո՞ւմ:
— Կուրթանում էլ, Հնեվանքում էլ...: Վերջապես մեկ ուրիշն էլ, թե՝ — իսկ Գյառնիում:
— Գյառնիում էլ, Հավուց թառ և Աղջոց վանքերում էլ, որ գառնեցիներդ Սբ. Ստեփանոս անունով եք ճանաչում, Գեղի բերդում էլ, որ Թաթուլ իշխանի բերդ կամ Կաքավաբերդ եք կոչում:
Ախպեր, ըսենց թուրք չի լինում, ծիծաղով բարձրաձայնում է զինվորներից մեկը, իսկ հրամանատարը, թե՝ դե որ այդքան տեղ շրջել եք, կարո՞ղ ես ասել, թե այս ինչ գազան է ոտքս կծել. ասում է ու շալվարը վեր քշտելով մատնացույց անում ուռած ոտքը, հետն էլ, թե տղերք ուշադիր, էն խորովածը հանկարծ չվառվի...:
Նայում եմ եղբորս ու ասում. — իսկ դու չէիր հավատում»: