Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի մարդ կոչումի հետ». այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի մարդ կոչումի հետ». այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
624
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 10:55

Կա Մեծարենց, կա Տերյան, - և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության... Եղիշե Չարենց

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Բանաստեղծի մանկությունն անցել է իր հարազատ բնաշխարհում: «Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը»,- այսպես է բնութագրել նրան Ավետիք Իսահակյանը։

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Թումանյանը նախնական կրթությունն ստացել է Դսեղի ծխական դպրոցում, 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում, իսկ 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական միջոցներ չունենալու պատճառով ուսումը կիսատ է թողել: 1888-ին տասնինը տարեկան բանաստեղծն արդեն ամուսնացած էր: Ներսիսյան դպրոցի երբեմնի աշակերտ Թումանյանի և Հովնանյան դպրոցի աշակերտուհի Օլգա Մաճկալյանի ամուսնությունը հիմք դրեց մի մեծ ընտանիքի, որ պետք է ունենար տասը զավակ և դժվար վիճակի մեջ դներ ընտանիքի երիտասարդ հորը: 80-ականները հեղինակի պոեզիայի «նախնական կուտակման» տարիներն էին: «Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է»,- ասել է Թումանյանը: 1890 և 1892թթ. Մոսկվայում լույս են տեսել նրա առաջին ժողովածուները: Բանաստեղծը մեծ ճանապարհ պիտի անցներ հայրենական պոեզիայի կարծրացած ավանդները և օտար ազդեցությունները հաղթահարելու, իր ստեղծագործական տարերքը հայտնաբերելու համար: Եթե մինչև 1903-ը Թումանյանն արվեստի մարդ էր՝ իր կոչմանն ու տաղանդին հավատարիմ, դրանից հետո դարձավ հասարակակն գործիչ՝ հավատարիմ իր խառնվածքներին ու մղումներին: Կովկասյան ռազմաճակատի քայքայումից օգտվելով՝ թուրքական հրոսակները 1918-ին ներխուժեցին Անդրկովկաս: Թումանյանը մի կոչ գրեց իր հայրենակիցներին ու անցավ Լոռու պաշտպանության գործի գլուխ: Եկավ 1919-ը, և անցած աղետներում իր ժողովրդի վիթխարի զանգվածը կորցրած, հարազատ եղբայրներին ու հարազատ որդուն կորցրած բանաստեղծն արձակեց խորին հառաչանք.

Մեռա՜ն, մեռա՜ն… Եվ ահա,

Խառնվել են կյանք ու մահ.

Չեմ հասկանում աշխարհի

«Կան ու չըկան» ես հիմա:

1909-ին, երբ լրացել էր պոետի 40 տարին, նա գրել էր, թե հասել է իր կյանքի բարձրակետին՝ «հոգու խաղաղությանը»: 1919-ի փետրվարի 19-ից, Թումանյանի 50-րդ տարին լրանալու օրվանից, ծայր առավ մի այնպիսի տարերային և համաժողովրդական, ավելի ճիշտ՝ համակովկասյան հոբելյան, որի նմանը տոնված չէր երբևէ: Նրա հոբելյանը տոնվեց շաբաթներ ու ամիսներ. կարծես գիտերին, որ Թումանյանի ոչ միայն առաջին, այլ վերջին հոբելյանն է լինելու:

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
1922-ին բանաստեղծն ավարտեց իր վաղուց ի վեր, քսաներկու տարեկանում գրած «Աստղերի հետ» ոտանավորով սկսած զրույցը՝ «Սիրուսի հրաժեշտը»: Սա Թումանյանի բանաստեղծական հրաժեշտն էր:

1922-ին բանաստեղծին տեղափոխեցին Մոսկվա: Այնտեղ նա անցկացրեց երեք ամիս, որոնք եղան բանաստեղծին դեպի մահը տանող ամիսներ: 1923-ի մարտի 23-ին, երբ եկել էր ճակատագրական պահը, ասել է զավակներին. «Ղոչա՛ղ կացեք…»: Սա է եղել բանաստեղծի արտաբերած վերջին խոսքը:

Թումանյանը բազմաժանր հեղինակ է: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, նորավեպեր, զրույցներ, հեքիաթներ, ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ, բալլադներ, առակներ, լեգենդներ և քառյակներ: Նա հեղաշրջող դեր է կատարել քայ քնարերգության մեջ: Նրա ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ ու նշանակություն ունեն քառյակները:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,—
Վատը՝ լավ եմ տեսել ես։

Թումանյանը գրել է 75 քառյակ, իսկ եթե հաշվենք քառյականման բանաստեղծությունները՝ 90: Թումանյանը քառյակներ գրել է կյանքի վերջին տարիներին՝ 1916-1922թթ.: Թումանյանի մտքերն արդիական են մինչև այսօր: Հեղինակի «Անկեղծ չենք» հոդվածը թվում է՝ գրված է մեր օրերի համար. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»:

Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՜նչ ենք Աստուծո կամքի առաջին…
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,-
Ամե՜նք, ամենք, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա: