Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի՝ զորացրված զինծառայողների անվճար բուժմանն ուղղված նախագիծը

Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի՝ զորացրված զինծառայողների անվճար բուժմանն ուղղված նախագիծը
480
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 13:45

Այսօր կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և

սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայող­նե­րի առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են օրենքով, ըստ որի՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլա­նա­յին բուժզննումներ: Գործող օրենքի համաձայն՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծա­ռայու­թյան ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատ­ճա­ռական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժա­մա­նա­կա­հատ­վածից:

Այսպիսով՝ գործադիրը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վի­ճա­կի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշ­ման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

Եզրակացության մեջ նշված է նաև, որ առա­ջարկված ձևաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների և փորձաքննության իրա­կանացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորա­ցրվում է մի քանի հազար քաղաքացի, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների և Հա­յաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաս­­տատությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմինների բնա­կանոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զին­ծա­ռայողների ծավալները և թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տար­վա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման գործընթաց, իսկ յու­րաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավար­տից գրեթե անմիջապես հետո»,- նշված է եզրակացության մեջ։

«Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զին­վո­րա­կան ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխա­վոր­ված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հա­յաս­տանի Հան­րապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին հա­վել­վածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորա­կան ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ ար­ձակ­ված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկա­սո­ցիա­լական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրա­վունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնու­թյան և սպասարկման՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետա­կան մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակ­նե­րում»,- գրված է նախագծում։

Ամփոփելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նմանատիպ հարցերը ահազանգ են, որ լուծումներ գտնեն: «Ես կածում եմ, որ լուծումները գտնված են»,-ասաց նա: