Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չեմ կարծում, թե Աննայի արտահայտած միտքը շատ բարդ է և ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում». Փաշինյան

«Չեմ կարծում, թե Աննայի արտահայտած միտքը շատ բարդ է և ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում». Փաշինյան
278
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 00:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։

Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք դիմում ենք ոչ թե ադրբեջանի կանանց, այլ դիմում ենք ըստ էության ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին, կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի։ Որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Եվ այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ։ Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետևյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը և իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբևէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը և չդիմել պատերազմի, որովհետև բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաև կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել բռնության ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, և նրանց պատկերացումներն իրականություն չդարձան և այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես։ Եվ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն և իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբևէ չդիմել զենքի ուժին»։

Հիմա, ոմանք փորձ են անում պնդել, թե Աննան ասել է, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետև ասվածի իմաստը ուղիղ հակառակն է և ամբողջ միտքը ամփոփվում, գագաթնակետին է հասնում հետևյալ նախադասության մեջ. «Նաև կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, և նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես»:

Այսինքն՝ ասվածի էությունը հետևյալն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, և ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։ Որովհետև նրանց այդ գրոհները ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ոչինչ չեն փոխում։ «Կրկին ավարտվեց ոչնչով»,- ասում է Աննան։ Կրկին. այսինքն՝ նկատի է առնվում նար «հանուն ոչնչի» ձեռնարկված նախորդ գրոհները, որոնցում Ադրբեջանը զոհել է իր զինվորներին, բայց իրավիճակը չի կարողացել փոխել։

Իհարկե, ՀՀԿ-ի ազդեցության տակ ընկած ընթերցողը կհարցնի. իսկ ինչու՞ է ասում մենք։ Երկու պատճառով. նախ որովհետր զինվորները զոհվում են բոլորիս գործողությունների արդյունքում, այդ թվում մեր ձեռնարկած պաշտպանական գործողությունների, ր հետո՝ «մենք»-ը հակամարտության բոլոր կողմերն են, նար միջնորդները, որոնք տվյալ ասելիքի համատեքստում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։

Հետրաբար, վերը նշված ասելիքը որևէ կերպ չի կարող վերաբերվել հայկական կողմին, որովհետև հայկական կողմը որևէ զինվորի չի զոհաբերում։ Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետև նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։

Չեմ կարծում, թե այս միտքը շատ բարդ է և ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։ Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետև մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաև բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։

Ի դեպ, հազարավոր զոհերի մասին.ըստ հայկական կողմի տեղեկատվության ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվն անցել է հազարը»։