Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այն բացառապես սպասարկում է Հայոց բանակի, դիրքապահ զինվորի շահը». «Հայոց հզոր բանակ»-ի ստեղծման մասին

«Այն բացառապես սպասարկում է Հայոց բանակի, դիրքապահ զինվորի շահը». «Հայոց հզոր բանակ»-ի ստեղծման մասին
39
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 23:20

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քիչ երկար ստացվեց, բայց արժե աչքի անցկացնել...
Երեք տարի առաջ այս օրը երկար-բարակ ծանր ու թեթև անելուց հետո որոշեցի, որ դիմեմ ֆեյսբուքյան ընկերներիս: Ոչ թե սեփական ուժերով որևէ բանն էր այլևս անհնար անել, այլ պարզապես այն մեծամասշտաբ գործը չէի կարող անել, որը շատ էի ուզում...
Մեծ հոգեբանական բարդույթ եմ հաղթահարել երեք տարի անընդմեջ: Ինքս երբեք գումարի ակնկալիք չեմ ունեցել անգամ ծնողներիցս, ինքս եմ փորձել լուծել իմ ֆինանսական հարցերը, նույնիսկ իմ միջոցներն եմ ծառայեցրել անծանոթներին և ծանոթներին: Ես դրանից ինձ լավ եմ զգացել, հոգիս հանգիստ է եղել... Եվ ահա, պետք է խնդրեմ բոլորովին անծանոթ մարդկանց, որոնց գիտեմ միայն նկարներով, քոմենթներով, լավագույն դեպքում անձնական մի քանի նամակագրությամբ...
Երեք տարի առաջ այս օրը, մայիսի 11-ի առավոտյան , գիշերը շատ երկար մտածելուց հետո մի գրառում արեցի, որով դիմեցի ֆեյսբուքյան ընկերներիս, որով առաջարկեցի միտքս, նպատակս... Եղավ այն, ինչ եղավ...
Ստեղծեցինք «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը՝ բացելով հաշվեհամարները: Առաջին փոխանցումները խոշոր էին, հուսադրող, սակայն մասնակիցների թիվը քիչ էր... Անցավ մեկ ամիս և ուղիղ հունիսի 15-ին ծրագրի շրջանակներում եղա Արցախում ... Մինչ ես Արցախում էի, բացված հաշվեհամարներին փոխանցումներ էին գալիս, ֆեյսբուքյան ընկերներս տարածում էին ծրագրի հաշվեհամարները, անձնական նամակներով դիմում արտերկրում ապրող իրենց ընկերներին, հարազատներին՝ հորդորելով, խնդրելով գումար փոխանցել:
Արցախում հանդիպեցի մի զինվորականի, որն էլ կարող եմ վստահ ասել, որ ճակատագրական եղավ ծրագրի հետագա ընթացքի համար: Միգուցե բոլորն էլ փոխանցում կատարեին, բայց ես այլևս չուզեի այն կազմակերպել, եթե ճիշտ մարդու հանդիպած չլինեի, եթե հիասթափվեի: Հիասթափություն... Անկեղծ ասած, հիասթափություն եղել է: Առաջին հիասթափությունս 2016թ.-ի դեկտեմբերին էր, երբ բոլորն ինքնամոռաց ամանորյա գնումների մեջ աչքաթող էին արել ծրագիրը և ուղիղ 10 օր փոխանցում չեղավ: Երկրորդ հիասթափությունս բանակից էր, 2017թ.-ի նոյեմբերին, երբ ականատես եղա մի բանի, որից հիասթափվեցի ու որոշեցի, որ այս զորամաս այլևս չեմ գնա, քանի դեռ հրամկազմը չի փոխվել: Ուղիղ երկու ամիս հետո փոխվեց հրամկազմը...
Երեք տարվա ընթացքում երկու մեծ հիասթափություն ու հաղթահարված լիքը դժվարություններ, որի արդյունքում այսօր ունենք ստաբիլ ծրագիր, որը հաշվետու է բացառապես իր նվիրատուներին, որը անկախ է, չի սպասարկում ոչ մի քաղաքական ուժի, քաղաքական գործչի շահ, այն բացառապես սպասարկում է Հայոց բանակի, դիրքապահ զինվորի շահը...
Շատ երկար կարող եմ խոսել ծրագրի մասին, բայց դա հետո, երբ արդեն պետք լինի պատմել օգնողների, անմնացորդ նվիրյալների, ինչու չէ, նաև խանգարողների մասին: Կխոսեմ, կգրեմ բոլոր մասնակիցների մասին, թե ով ինչպես է միացել, երբ է կատարել առաջին փոխանցումը, ինչ հավատով ու ուժով...
Ուղիղ երեք տարի առաջ այս օրը գտնվում էի հոգեբանական ծանր վիճակի մեջ. խնդրով դիմել եմ անծանոթ մարդկանց, միակ լուսավոր կետն այն էր, որ դա անում եմ դիրքում մթության մեջ կանգնած զինվորի համար... Ընկերներ ջան, էս ինչ լավն եք դուք... Ապրի ֆեյսբուքը, որ մեզ այսպիսի հնարավորություն է տվել... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»: