Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

 «Ովքեր պետք է Սևանը պահպանելու քայլեր կատարեն, չեն փոխվել, իրենց տեղերում են՝ նույն լծակներով. Սեյրան Մինասյան». փորձագետ

 «Ովքեր պետք է Սևանը պահպանելու քայլեր կատարեն, չեն փոխվել, իրենց տեղերում են՝ նույն լծակներով. Սեյրան Մինասյան». փորձագետ
85
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 11:40

«Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ձայնը չեն լսելու, որովհետև ովքեր պետք է Սևանը պահպանելուն ուղղված քայլեր կատարեն, չեն փոխվել, իրենց տեղերում են՝ նույն լծակներով»,-MAMUL.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը՝ անդրադառնալով Սևանը «կանաչելու» առիթով վերջերս հնչած մասնագիտական գնահատականներին ու իրավասու կառույցների՝ դրանց տված արձագանքներին:

Հիշեցնենք, որ օրերս շրջակա միջավայրի նախարարությունը հանդես էր եկել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և արված քայլերի վերաբերյալ հաղորդագրությամբ: Առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն անցած շաբաթավերջին ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն են սկսել, որի արդյունքները դեռ պատրաստ չեն:

Սեյրան Մինասյանն ասաց, որ շրջակա միջավայրի նախարության հաղորդագրության մեջ, ըստ էության, բացակայում են խնդիրների լուծման առաջնահերթությունները: Քանի որ Սևանի այժմյան վիճակի պատճառները, որոնց մասին խոսվել է նախարարության կողմից, տարբեր աստիճանի բացասական ազդեցություն են թողել լճի վրա, այդ հանգամանքից ելնելով էլ պետք է գործողությունների առաջնահերթություններ սահմանվեին: Նրա գնահատմամբ՝ իրենք Սևանի խնդիրների ու դրանց հանդեպ լուրջ մոտեցում հանդես բերելու մասին խոսում են արդեն 20 տարի:

«Չեմ կարող ասել, թե այս անգամ քայլեր կարվե՞ն, թե՞ ոչ: Այժմ մշակվում է Սևանի կառավարման նոր ծրագիր: Հուսով եմ, որ նորմալ ծրագիրծ կկազմվի: Սակայն ծրագիր կազմելը տարիների աշխատանք է, իսկ մեզ այսօր է պետք շտապ քայլեր ձեռնարկել: Նախ՝ հնարավորինս արագ ապահովել Սևանի մակարադակի շարունակական բարձրացումը: Երկրորդ՝ ընդհանրապես արգելել ձկնորսությունը՝ գոնե 4-5 տարի, իսկ արգելված ձկան վաճառքով զբաղվող սոցիալապես խոցելի մարդկանց համար փոխհատուցման տարբերակներ փնտրել: Ձկան առկայությունը լճի մաքրման ամենամեծ գործոնն է: Հիմա լճում պետք է 20-30 հազար տոննա լիներ: Հաջորդ քայլերը, որոնք պետք է արվեն, ջրածածկ անտառների մաքրումը և Վարդենիսի, Մարտունու ու Գավառի մաքրման կայանների կառուցման 2-րդ փուլն իրագործելն է:

Հարցին, թե մաքրման կայանների կառուցումը մե՞ծ գումար կպահանջի, Ս. Մինասյանն ասաց. «Կառուցումը կպահանջի մոտ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը ֆինանսական բեռ չէ: Առհասարակ, Սևանը մեզ համար բեռ լինել չի կարող: Սևանը մեր երկրի կլիման, երկրի էկոհամակարգը կայուն պահող ամենակենսական գործոնն է»:

Փորձագետն այնքան էլ կարևորություն չտվեց այն փաստին, որ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով: Ըստ նախարարության՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար 5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա ի՞նչ անի, արձանագրի, թե ինչքան վատ ենք պահո՞ւմ լիճը: Սևանը պահողը Հայաստանը պետք է լինի, պետք է կոնկրետ գործ անենք և ոչ թե մուրացկանությամբ զբաղվենք: Վերջին 7 տարում Սևանի մակարդակն անընդհատ դեպի անկում է գնացել, հիշո՞ւմ եք որևէ մեկին, որը պատասխան է տվել: Սևանը կանաչել է, իսկ «Սևան» ազգային պարկի տնօրենը լճից ջուր խմելու ակցիա է անում, մինչդեռ նա (և ոչ միայն նա) պետք է վաղուց աշխատանքից ազատված լիներ: Լճի էկոլոգիական վիճակը պետք է անընդհատ վերահսկողության տակ լինի»,-գնահատեց մասնագետը:

Նա Սևանի այսօրվա վիճակի մեղավոր համարեց ոչ միայն իրավասու կառույցների անգործությունը, այլև ողջ համակարգը: Ս. Մինասյանն ընդգծեց, որ իրավակիրառական կարգի առումով այնպիսի համակարգ է ստեղծված, որ վերջնարդյունքում շահում են ինչ-որ մարդիկ, տուժում՝ էկոլոգիան:

«Շրջակա միջավայրի նախարարությունում ջրերի կառավարմամբ զբաղվում է ջրային ռեսուրսների կառավարման և ոչ թե ջրային էկոհամակարգերի պահպանության անվանված գործակալությունը: Այսինքն՝ ջուրն ի սկզբանե ապրանք է դիտարկվում, ու առնել-ծախելու խնդիր է դրվում: Երկրորդը՝ օրենքում ամրագրվել է, որ 170 միլիոն խմ ջուր Սևանից կարելի է վերցնել, ինչի՞ հիման վրա է այդ թիվը նշվել: Եթե նախորդ տարիներին երկրի ոռոգման համակարգը կարգի բերվեր, Սևանից ջուր բաց թողնելու կարիք չէր լինի: Հրազգան գետի բնական ելքը 55 մլն խմ է, օրենքում արդեն նորմից 3 անգամ ավելի են գրել: Այսինքն՝ այնպես է ստացվել, որ օրենքն անգամ Սևանի մասին չի հոգում: «Սևան» ազգային պարկին տալիս են իրավունքներ, որով քվոտավորվելու է ձկնորսությունը, այսինքն՝ ստվերային գործունեությունը օրինականացվում է»,-դիտարկեց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը: Նա պնդեց, որ տեղի ունեցածը Սևանի էկոհամակարգի պատասխանն է լճի հանդեպ մարդու վերաբերմունքին: