Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Համացանցը ցնցած հայտնի նկարների մասին». Կարեն Հովհաննիսյան

«Համացանցը ցնցած հայտնի նկարների մասին». Կարեն Հովհաննիսյան
523
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 10:50

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցը ցնցած հայտնի նկարների մասին...
Ինքս տեղյակ չեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն տեղյակ եմ, որ քննարկվում է երկու տարբերակ. 1-ին՝ հրահանգ է եղել, որ սնունդ չգա տներից և 2-րդ՝ հրամանատարն ալկոհոլ է հայտնաբերել սննդի արկղերում: Անդրադառնամ հերթով:
Ովքեր զինվոր են ունեցել, հատկապես դիրքապահ, գիտեն, որ սնունդը ծնողների կողմից ուղարկվում է հատուկ մեքենայով, որի, այսպես ասած, պարտականութունը ծնողի ծանրոցը, որոշակի գումարի դիմաց, զորամաս հասցնելն է: Եթե հրահանգ է եղել, որ սնունդ չուղարկեն տանից, ապա միանշանակ հենց այդ ավտոմեքենայի վարորդին առաջինը կզգուշացնեին, որ ծնողներից սնունդ չընդունի, սա՝ ըստ տրամաբանության: Ոչ թե սնունդը գա մտնի զորամաս, գնա հանգիստ պահեստավորվի ու հետո նոր արժանանա էդ բախտին:
Բացի այս ամենը, պետք է ասեմ, որ դիրքեր սնունդ բարձրացնելը, այն էլ տոնական, երբեք ոչ մի հրամանատարի կողմից չի արգելվել, միայն թե այդ սնունդը լինի որոշակի ստանդարտների մեջ՝ թունավորում, փորլուծություն և այլն չառաջացնի:
Ես, լինելով բանակին շատ մոտ կանգնած մարդ, գրեթե վստահ եմ, որ այդպիսի հրահանգ չի եղել:
Երկրորդ տարբերակը, որին ես ավելի եմ հակված հավատալու, դա ալկոհոլի առկայության հայտնաբերումն է: Եթե իսկապես հայտնաբերվել է օղի կամ հյութին խառնած օղի, ապա փառք տանք Աստծուն, որ այդպես ենք պրծել: Հրամանատարը կատարել է իր պարտականությունները՝ ստուգելով սննդամթերքը, որն ուղարկվել է տանից, և այնտեղ, հավանաբար, հայտնաբերել օղի կամ հյութի հետ խառնած օղի: Մարտական հերթապահության մեկնող, մարտական զենքի հետ քնող վերկացող զինվորը, ում ուղեղը կարող է մթագնել մեկ բաժակ օղուց, քանի որ երկար ժամանակ չի օգտագործել, ինչ եք կարծում, ինչեր կարող է հիշել, որ ասենք զորամասում է տեղի ունեցել իր հետ, կամ օրինակի համար իր զինակից ընկերների մեկի հայացքն ու խոսքն այդ պահին դուր չի գալիս... Ազիզ օրով զո՞հ կամ ինքնասպանությո՞ւն...
Ինքս գրել եմ այն տղային, ով հրապարակել էր նկարներն ու այնուհետև հեռացրել նյութը, չի պատասխանել: Բայց ի՞նչ պատասխանի...
Մի ժամանակ կար, երբ զինվորական կոմիսարիատներից զինակոչիկներին ավտոբուսով կենտրոնական հավաքակայն էին տանում, զինակոչիկներն ավտոբուս էին բարձրացնում հյութ, որի մեջ լցված էր օղի, ու միշտ այդ ավտոբուսներում ծեծ ու ջարդ էր լինում, այն աստիճանի, որ ավտոբուսը կանգնեցնում էին...
Առավոտ շուտ այս գրառումս շատ երկար ստացվեց, բայց կարևոր էր: Խնդրում եմ մի կողմ դրեք հուզականությունն ու սթափ մտածեք, որ եթե օղին հասներ դիրք ինչ փորձանքի մեջ կարող էինք հայտնվել:
Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ իմ ճանաչած բոլոր հրամանատարները, երբ դիրք են գնում, իրենք անձամբ են տարաներով ջուր, հյութ, արկղերով քաղցր և միրգ տանում... Դեմ չեմ, որ կան անբարեխիղճ հրամանատարներ, այդպես է ցանկացած ոլորտում, բայց որ Հայոց բանակի սպաներն իրենց գործին գիտակ են, զինվորին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ, դա անհերքելի փաստ է...
Մի պահ մտածեք, որ 50 հոգի 18-20 տարեկան տղաների պատասխանատուն դուք եք... Պատկերացրեցի՞ք, դե հանգիստ թողեք սպային և զինվոր սպա հարաբերություններին...
Փառք Հայոց բանակին, փառք Հայոց բանակի զինվորին և սպային...»: