Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Վարչապետը խրախուսում է խոշորին՝ անտեսելով փոքր բիզնեսը. FIP

Վարչապետը խրախուսում է խոշորին՝ անտեսելով փոքր բիզնեսը. FIP
485
Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 10:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում, մտահոգություն հայտնելով երկրում բազմաթիվ մեքենաների հնամաշ թափքերի՝ կմախքների, առատության վերաբերյալ, առաջարկել էր դրանք՝ որպես մետաղի ջարդոն, հանձնել «Մետեքսիմ» ՍՊԸ-ին։

«Մետեքսիմ» ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Միխայիլ Հարությունյանին, որը համարվում է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը։ Հարությունյանների ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ, որոնցից որոշները հանդիսանում են խոշոր հարկ վճարողներ։ Դրանցից են «Միկմետալ» ու «ԱՍԿԵ Գրուպ» ընկերությունները, որոնք զբաղվում են շինարարությամբ և ծանր արդյունաբերությամբ։ Իսկ Միխայիլ Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, վեցերորդ գումարման Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Ի դեպ, Միխայիլ Հարությունյանը նախկին ԴԱՀԿ ծառայության պետ, ներկայում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի քեռին է։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե վարչապետի նշած «Մետեքսիմ» ընկերությունից բացի, կա՞ արդյոք այլ ընկերություն, որը նույնպես զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանում նման գործունեություն ծավալում է բացառապես «Մետեքսիմ» ընկերությունը։

Հատկանշական է, որ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ ներկայում սև և գունավոր մետաղների թափոնների և ջարդոնի մեծածախ առևտրով Հայաստանում զբաղվում է 181 սուբյեկտ։

Fip.am-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ (հոդվածը գրելու պահին վերջինս ազատված չէր վարչապետի խոսնակի պաշտոնից)՝ պարզելու, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեքենաների հնամաշ թափքերը հանձնելու համար քաղաքացիներին կոչ արել դիմել հենց այս ընկերությանը։

«Ի՞նչ կա այդտեղ պատասխանելու էլի, չեմ հասկանում։ Մարդը այդ որոշումն է կայացրել, դրա մասին նշել, որովհետև էտ շուկայում գործող ամենաերևացող ու էֆեկտիվ կառույցներից է։ Դրա ի՞նչը պտի պատասխանեմ։ Ընկերություններից մեկի անունն է նշել, էտ ա պատասխանը»,- նշել էր Կարապետյանը։

Վարչապետի արդեն նախկին մամուլի խոսնակն այնուհետև ավելացրել էր. «Որևէ միտում չի եղել, նույն կերպ կարող էր նշել ցանկացած ընկերություն, որը կարող է մշակի և այդ գործը անի։ Այդ ընկերությունը նրանցից մեկն ա, որ կարող է մշակի։ Ոչ բոլոր ընկերություններն են նման բարդ կոնստրուկցիաներ, ժանգոտած թափքեր կարող են անել»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել էր հասկանալ՝ արդյո՞ք ՊԵԿ-ի ցանկում նշված սուբյեկտները ևս ընդունում են մեքենաների թափքեր։ Եվ չնայած մեծ ցանկին՝ ընկերություններից մի քանիսը կամ դադարեցրել էին գործունեությունը, կամ դրանց վերաբերյալ չկար տեղեկատվություն բաց աղբյուրներում։

Սակայն «Փաստերի ստուգման հարթակին», ի վերջո, հաջողվել է կապ հաստատել մետաղների ջարդոնի ընդունմամբ զբաղվող մի քանի ընկերությունների հետ։ Ընկերություններից մեկի՝ «Էդմետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը զրույցի ընթացքում հայտնել է, որ իրենց ընկերությունը ևս զբաղվում է ավտոմեքենաների հնամաշ և չօգտագործվող թափքերի ընդունմամբ՝ որպես մետաղի ջարդոն։ Մեկ այլ ընկերության՝ «ՔԱՊ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ևս նշել է, որ ընդունում են մեքենաների կմախքներ։

«Մեզ համար ևս զարմանալի էր վարչապետի այդ կոչը, քանի որ դրանով շուկայում բացարձակ մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերությունը լրացուցիչ անգամ գովազդվեց այն դեպքում, երբ նույն գործունեություն ծավալող փոքր բիզնեսը հայտնվեց առանց այդ էլ ծանր վիճակում։ Ի տարբերություն «Մետեքսիմ» ընկերության, որն իր ընդունած մետաղի ջարդոնը միանգամից տանում է նույն սեփականատիրոջը պատկանող մետաղի վերամշակման գործարան, փոքրերը չունեն այդ հնարավորությունը, և սրա արդյունքում մենք ավելի ծանր վիճակում ենք հայտնվում»,- նշել է «ՔԱՊ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

Փաստացի, վարչապետը քաղաքացիներին կոչ է արել դիմել մի ընկերության, որը ոչ միայն կապված է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ, այլև հանդիսանում է շուկայում մոնոպոլ դիրք գրավող սուբյեկտ։ Եվ հաշվի առնելով նոր կառավարության՝ մոնոպոլիաների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունները, այս կոչն է՛լ ավելի անհասկանալի է դառնում։