Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Միայն այդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կստիպենք հաշվի նստել մեր նոր օրակարգերի հետ». Արման Բաբաջանյան

«Միայն այդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կստիպենք հաշվի նստել մեր նոր օրակարգերի հետ». Արման Բաբաջանյան
65
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 12:40

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ օրը Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների թվով երրորդ համատեղ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարևորագույն արձանագրմամբ։ Նա կրկնեց օրեր առաջ Երևանում հարցազրույցում հնչեցրած իր այն միտքը, որ ներկայումս ձևավորվում է ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր բովանդակություն։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հերթական անգամ վերահաստատել է, որ առանց Արցախի մասնակցության չի կարող լինել խնդրի կարգավորման որևէ վերջնական լուծում, և որ Արցախը բանակցային գործընթացի մասնակից է։ Սա չափազանց կարևոր է։ Մյուս արձանագրումը վերաբերում է բանակցային գործընթացում նոր բովանդակության ձևավորմանը, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսելիս հղում է անում մյունխենյան հանդիպմանը և մյունխենյան սկզբունքներին։

Ընդհանրապես, տեղական և արտերկրյա փորձագիտական հանրույթի առնվազն մի մասի շրջանակում տիրապետող է տեսակետը, որ մյունխենյան հանդիպմամբ վերջնականապես պատմության գիրկն ուղարկվեցին մադրիդյան սկզբունքները։ Իսկ բանակցային գործընթացի նոր բովանդակության համար, ըստ էության, հիմք են հանդիսանալու Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ 6 կետերից բաղկացած «մյունխենյան սկզբունքները»։ Բնականաբար, այսօր դեռ վաղ է խոսել այն մասին, որ դրանք արդեն իսկ դարձել են բանակցային գործընթացի նոր բովանդակություն, սակայն կարելի է արձանագրել, որ այդ բովանդակության հիմքերը դրվում են այսօր։ Մեզ՝ հայկական կողմերիս համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ վեկտոր ու միտում է ունենալու բանակցային գործընթացի այդ նոր բովանդակությունը, արդյոք այն հանգեցնելո՞ւ է հարցի վերջնական կարգավորման, ինչպես իր խոսքում ակնարկել է Նիկոլ Փաշինյանը, թե՞ միտված է լինելու ստատուս-քվոյի պահպանմանը՝ նոր գործիքակազմով։

Քանի որ խնդրի վերջնական կարգավորման տեսանելի հեռանկարներ գոնե այս պահին չեն ուրվագծվում, ապա կարելի է ենթադրել, որ գործ ունենք ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված բովանդակության հետ, քանի որ եթե չկա խնդրի կարգավորման վերջնական տարբերակ, ստատուս-քվոյի պահպանությունն այն անհրաժեշտ նվազագույնն է, որը բխում է մեր շահերից։

Մյուս կողմից՝ ստատուս-քվոյի պահպանությանն ուղղված ռազմավարությունը նշանակում է, որ հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, դեռ տևական ժամանակ ապրելու են այդ ռազմավարության սպասարկմանն ուղղված ռեժիմում, ինչը ենթադրում է բանակի ու սպառազինությունների վրա կատարվելիք մեծ ծախսեր, զինված ուժերի մարտունակության անընդհատ բարձրացմանն ուղղված ներդրումներ։ Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին մեր տնտեսությունները պետք է պատրաստ լինեն սպասարկելու այդ ռեժիմը։

Այդ տեսանկյունից չափազանց կարևոր էր ինչպես Ստեփանակերտի ելույթում, այնպես էլ օրեր առաջ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կատարած այն արձանագրումը, որ Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացումը համարվում է անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ։ Տնտեսությանն անվտանգային նշանակություն հաղորդելով միայն մենք կկարողանանք սպասարկել ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված ռազմավարությունը։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսության զարգացումը ոչ թե սոսկ դրական ցուցանիշներ ու քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահովելու միջոց է, այլ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ։

Հետևաբար, տնտեսության զարգացումը, համակարգային, ենթակառուցվածքային ներդրումների ապահովումն ու որպես դրա հետևանք՝ նոր որակի տնտեսության կայացումը մեզ համար պետք է ունենան ռազմավարական, անվտանգային նշանակություն։ Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծում կարող են ապահովել միայն տնտեսապես զարգացած Հայաստանն ու Արցախը։ Միայն այդ դեպքում մենք Ադրբեջանին կկարողանանք պարտադրել բանակցային նոր բովանդակություն, իսկ միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կստիպենք հաշվի նստել մեր նոր օրակարգերի հետ»։