Փոքրիկ Անգելինայի կյանքը հնարավոր է եղել փրկել. եզակի վիրահատություն Հայաստանում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում գիշերը բարեհաջող ավարտվեց չորսուկեսամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում:
Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։ Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր։
«Դա եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում. Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, նմանատիպ վիրահատություն չէր իրականացվել: Ցավոք սրտի, այս հիվանդությունը բավականին տարածված է, և հիվանդների մեծ մասը մահանում է: Դա կամուրջ է մինչև սրտի փոխպատվաստմանը հասնելը: Փորձը հաջողված է, և այն թիմը, որը Եվրոպայից էր եկել, պատրաստ է միշտ աջակցել մեզ: Հուսով եմ, որ այդ հիվանդները մի օր կհասնեն Հայաստանում նաև սրտի փոխպատվաստում իրականացնելուն, որը բոլորիս երազանքն է»,- նշում է «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը:
Երկարատև վիրահատությունը բարեհաջող ավարտվեց բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժներ Հրայր Հովագիմիանի, Գագիկ Հեբոյանի և վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։
Երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000, հավաքվեց մոտ երկու օրում, մնացած $30,000-ը հատկացվեց պետական բյուջեից:
«Գումարը շատ մեծ էր, և որոշեցինք դրամահավաքային արշավ նախաձեռնել: Մեզ հաջողվեց հանրությանը լսելի դարձնել խնդիրը, բացատրել, թե դա ինչ մեծ նշանակություն ունի ոչ միայն փոքրիկի համար, այլև Հայաստանի, քանի որ պարզվեց՝ շատ մարդիկ են այս նույն հիվանդությամբ տառապում, և այս գիտելիքը, որ Հայաստանն այսօր ստացավ, շատ մեծ նշանակություն ունի ապագայում նմանատիպ հիվանդությունների բուժման համար: Սա կարևոր գիտելիք էր, որ Հայաստանն ստացավ»,- ասում է ձեռնարկատեր Վահան Քերոբյանը:
«Սա ոչ միայն Նորք-Մարաշի կատարածն էր, սա մի ազգային քայլ էր, որի մեջ ընդգրկվեց ողջ բնակչությունը՝ իր նվիրատվություններով, առողջապահության նախարարությունը՝ ի դեմ Արսեն Թորոսյանի, քանի որ սարքը բավականին թանկարժեք էր՝ մոտ 100 հազար դոլար: Կառավարությունը նաև աջակցեց, որ սարքը շուտ հասնի Հայաստան»,- նշում է Միքայել Ադամյանը:
Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի վիճակը կայուն է:

«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան
71Երեկ, 09:00
«Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ»․ ԱՆ
12417.06.2026, 14:12
«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
19516.06.2026, 14:12
«Ո՞ւր է մեր ընդդիմությունը»․ Անահիտ Ավանեսյան
17216.06.2026, 11:42
Ամռանը սուր աղիքային վարակների ռիսկը բարձրանում է
18615.06.2026, 16:24
«Ընդդիմախոսներն ասում են՝ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարները սպառվել են»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
17515.06.2026, 12:24
Գիտնականները մալարիայի բուժման նոր մոտեցում են գտել
44614.06.2026, 11:36
«Պետպատվերի մասին խոսողները չեն ուզում զինվոր կորցրած ընտանիքի համար գենետիկ հետազոտություն անել». Անի Գևորգյան (տեսանյութ)
39110.06.2026, 20:24