Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Փաշինյանը դժգոհ է ընդհանուր աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ժողովուրդ»

Փաշինյանը դժգոհ է ընդհանուր աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ժողովուրդ»
437
Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 09:55

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետևանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչև մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլև՝ մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաև լրատվական միջոցներն իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ այդպես խուսափելով նաև շփումից այլ մարդկանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաև պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների և, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաև պաշտոնյաների գործուղումները արտերկիր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել և չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաև այլ նախարարների և պատգամավորների գործուղումները:

Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, և առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել և դժգոհ է ընդհանուր աշխատանքից:

Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել և ամեն քայլից առաջ և հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: