Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Արցախի ԿԸՀ-ի հաղորդագրությունը՝ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ

Արցախի ԿԸՀ-ի հաղորդագրությունը՝ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ
578
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 19:50

Արցախի ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ 2020 թ. ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը:

Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստում քննարկված հարցերի մի մասը վերաբերվում էր Նախագահի ընտրություններին: Մասնավորապես, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 97-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա, նիստում որոշվել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ՝ քվեարկության օրը՝ ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային օր:

Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-ն է:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ՝ 1. Մայիլյան Մասիս Սամվելի 2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:

Սահմանվել է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի սպիտակ, A5 ֆորմատով թղթի վրա՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

Նիստում քննարկված հարցերի երկրորդ խումբը վերաբերվում էր Ազգային ժողովի ընտրություններին:

ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ՝ տասնվեց մանդատ,

2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ՝ ինը մանդատ,

3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ՝ երեք մանդատ,

4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ՝ երեք մանդատ,

5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ՝ երկու մանդատ: