Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան

«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
41
Այսօր, 10:18

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք առաջ ունեինք Արևմտյան և Արևելյան Հայաստան հասկացություններ, Մեծ Թուրանի ծրագրի հաջողության դեպքում կունենանք Հյուսիսային և Հարավային Հայաստաններ, ավելի շուտ վիլայեթներ։
Տիգրանաշենը 8.2 քկմ է (820 հա), այն մոտավորապես զբաղեցնում է 1148 ֆուտբոլի դաշտ։ Գտնվում է Հայաստանի Հյուսիսը Հարավի հետ կապող միջպետական ճանապարհից 4.5 կմ (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Մ2): Ըստ ՀՀ վարչապետի պնդմամբ Արծվաշենը (40 քկմ) մերն է, իսկ Քյարքին (Տիգրանաշենը) Ադրբեջանինը ըստ ինչ-որ ռազմական քարտեզների։ Եվ պաշտոնական Երևանի քարոզչամեքնան «ՔՊԸԼԱՐԸ» անընդհատ թմբկահարում է, որ Արծվաշենն ավելի մեծ է քան Տիգրանաշենը։ Բայց ռազմավարական առումով դրանք անհամեմատելի են և այստեղ մակերեսը ածանցյալ է։ Քյարքիում պաշտոնական Անկարան և Բաքուն զորավարժությունների հիթ շքերթ են սկսելու։
Մեծ Թուրանի ծրագրով Հայաստանը զուգահեռաբար պետք է ազատվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից և մենք հայտնվենք գերտերությունների ազդեցությունների զոնավորման նոր կոնֆիգուրացիայում։
Ելք․ Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ։ Պետք է բացառել Տիգրանաշենի հանձնման կեղտոտ գործարքը։ Կոսմետիկ քայլերն այս հարցում անընդունելի են։ Քաղաքական ընդդիմությունը նշածս պետությունների դեսպանատների հետ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատանք տանի, այցելություններ և բացատրի, որ սա միայն մեր պետության հարցը չէ, այլ տարածաշրջանում անվտանգության ապահովման գլոբալ հիմնախնդիր։ Մեծ Թուրանի ծրագրով կամ այդ «Թրամփի ուղի» հորջորջված նախաձեռնությամբ հիմք կդնեն Սյունիքի մարզին «միջազգային» կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկին և թուրքը թաթը կդնի նաև Զանգեզուրի վրա։ Եվ առևտրի, խաղաղության սոցիալական բարեկեցության և այլ կեղծ օրակարգերը մեզ չեն փրկի և նման օրակարգերը հաճախ են որպես կենցաղային թուղթ գործածվում ՄԱԿ-ի դիվանագիտական արտաքնոցներում։
Հ.Գ. Հայաստանում Արտաքին գործերի և միջազգային առևտրի, այսինքն՝ նախկին Անշարժ գույքի նախարարությունը (ԱԳՆ) ակտիվորեն աշխատում է թուրք-ադրբեջանական կենսական շահերի թելադրանքով և այսօր սրանց ձեռք բռնող չկա, որովհետև Ընդդիմությունը չունի միասնական օրակարգ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան