Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ա՛յ, այստեղ Ձեր քայլը պիտի վերածվեր վազքի»․ Մարի Բարսեղյան-Խանջյան

«Ա՛յ, այստեղ Ձեր քայլը պիտի վերածվեր վազքի»․ Մարի Բարսեղյան-Խանջյան
360
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 17:35

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ՈՒՐԵՄՆ՝ ՔԱՅԼԻՑ ԱՆՑՆԵՆՔ ՎԱԶՔԻ…
Ուզում եմ անդրադառնալ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ Կառավարությանը՝ ամեն ընտանիքին միանվագ 100 հազար դրամ օգնություն և յուրաքանչյուր թոշակառուի՝ մեկ ամսվա հավելյալ թոշակագումար տրամադրելու առաջարկին: Ասեմ, որ տրամաբանոթյուն կա հարցի կարգավորման մեջ, միայն թե այդ ահռելի դրամագլուխը լինի Կառավարության պահուստում... Ֆինանսների նախարարությունը հերքեց, որ այդ 300 միլիարդ դրամը Հայաստանում ազատ դրված է մեր բարձի տակ...
Իսկ ինչո՞ւ չունենք այդքան և դրա տասնապատիկը:
Հեղափոխության օրերին և հաղթանակից հետո, պարո՛ն վարչապետ, հավաստիացնում էիք, հիմա էլ առիթի դեպքում հավատացնում եք, որ կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, իսկ ես և մենք ուզում ենք՝ միլիոն առ միլիոն, միլիարդ առ միլիարդ վերադարձվեն պետությանն ու ժողովրդին՝ գողացվածն ու թալանվածը.... Հիշո՞ւմ եք հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին նախկինների ձայն-ծպտունը դուրս չէր գալիս, որովհետև հավատում էին և վախենում, որ Հեղափոխության օրենքով՝ գուցե և չգրված, երկրում տնտեսական, քաղաքական և բարոյական փոփոխությունները կկատարվեն կտրուկ, շրջադարձային, այլ ոչ՝ դանդա՜ղ, քայլ առ քայլ...
Ա՛յ, այստեղ Ձեր քայլը պիտի վերածվեր ՎԱԶՔԻ՝ դեպի նշանակետ.... Չէ՜, դուք շարունակեցիք քայլել, իսկ նրանք՝ վազել, որը հարստությունն առավ-թռավ անտառը՝ երկրից դուրս եկավ, ովքեր էլ չեն գնացել, ներսում էնպիսի քաոս են ստեղծել, որ Կառավարությունն ու ԱԺ-ն միասին գլուխ չեն հանում... Նրանք պահպանել են իրենց թալանած հարստությունը և մեծ-մեծ կտորներով շաբաշ են տալիս իրենց բալալայկայի տակ չաստուշկա երգող ու պարողներին, իսկ դրանք քիչ չեն՝ ոստիկանական, իրավական-իրավապաշտպան, աած-ական որոշ դեմքեր, որոշ քաղաքական, լրատվական և հասարակական կազմակերպություններ և բազմաթիվ անհատներ...
Դուք և մենք բոլորս պատկերացնո՞ւմ ենք, թե Հայաստանի բյուջեն ինչքան փող կմտներ կուլակաթափությունից հետո... Պատկերացնում եք, չէ՞.. Մենք այս կոռոնայից էլ չէինք խեղճանա, թող ուրիշ պետություններն անհանգստանան, որ մեր թալանչիների նման թալանչիներ չունեին, որ ազգայնացնեին նրանց ապօրինի դիզած հարստությունը և կոռոնայից հետո միանգամից ներդնեին տնտեսության վերականգնման մեջ.... Մինչդեռ մեզ մեր բարեգութ Աստվածը նվիրեց այդ հնարավորությունը, իսկ մենք կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա ենք հավաւքում՝ կամրջին կանգնած մուրացկանի պես…
Բա, հետո՞: Չէ', բա, հիմա՞:
Հիմա կենտրոնացնել է պետք իրավապաշտպան բոլոր ուժերը՝ խստագույն պատասխանատվության տակ՝ կուլակաթափությունն իրականացնելու և մեր երկրի ավերված, նաև կոռոնայի պատճառած վնասները վերացնելու, և հետո տնտեսությունը վերականգնելու գործին անցնենք…
Անկեղծորեն՝ շատերից եմ լսել, ես էլ նույն կարծիքին եմ, որ ավելի լավ է այս գումար փողը ներդնենք տնտեսության վերականգնմանը, քան այսպես փոշիացնենք՝ առանձնապես շոշափելի օգնություն և օժանդակություն չտալով ժողովրդին…Հայկական ժողովրդական իմաստությունն ասում է.
«Լավ է վաղը դու հավ ունենաս, քան թե այսօր ձուն ուտես, որը կարող է ճուտ դառնալ, հետո հավ դառնալ, որն ամեն օր ձու կածի»:
Իսկ եթե այդ ձուն ուտենք այսօր, վաղը հավ ունենալու հույս և հնարավորություն չենք ունենա:
Ուրեմն, քայլից անցնենք վազքի»: