Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Ծառուկյանին երաշխիքներ տվողը ՌԴ դեսպանատունն է»․ Հ․ Խուրշուդյան

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Ծառուկյանին երաշխիքներ տվողը ՌԴ դեսպանատունն է»․ Հ․ Խուրշուդյան
310
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 13:35

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի ընտրած իշխանությանը նետած մարտահրավերը հուշում է, որ նրան կամ ստիպել են, կամ էլ երաշխիքներ են տվել իրենից ավելի զորեղ ուժեր: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ իրենից զորեղ ուժ Հայաստանում ընդդիմության մեջ մեկ էլ ՌԴ դեսպանատունն է:

Ընդհանրապես, իշխանության դեմ իր պայքարում մինչև վերջ գնալու առումով այս օլիգարխը երբեք էլ քաղաքական քաջությամբ չի առանձնացել: 2015-ին նա ամենավճռական պահին լքեց եռյակը՝ իշխանությունների ճնշումների ներքո (հավանաբար՝ իրեն դեմ տված կոմպրոմատների), իսկ 2017-ին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ հնարավորություն կար միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելով հաղթել իշխանությանը՝ նախընտրեց օգտագործել նման ճակատ ձեւավորելուն ուղղված բանակցությունները ՕՐՕ-ի հետ՝ իշխանությունների հետ իր բազառի մեջ իր 30 տոկոսը ստանալու համար:

Հիմա, երբ այդ կոմպրոմատների մեծ մասին տիրապետում են նախկինները, նա ավելի հեշտ դեմ դուրս կգա ժողովրդին՝ իր իշխանությամբ, քան սերժենց: Իսկ իր քաջության մակարդակի մասին խոսում է նաեւ այն, որ նա համարձակվեց վարչապետին մարտահրավեր նետել միայն այն ժամանակ, երբ վերջինը՝ ընտանիքով հանդերձ, հիվանդացավ Թագավարակով:

Թեև ամեն դեպքում, Ծառուկյանը բավականին տխուր վիճակում կհայտնվի անգամ այն քրեական գործերից նյութերի հրապարակման դեպքում, որոնք հիմա ընթանում են իր և իր շրջապատի դեմ՝ տնտեսական հանցագործությունների մասով:

Նրանում, որ Փաշինյանը միայնակ է մնացել իր մերձավոր թիմի հետ, անկախ այն բանից, որ տիրապետում է ամբողջական օրենսդիր եւ գործադիր իշխանությանը, նա պետք է մեղադրի նախեւառաջ ինքն իրեն: Նա պետք է հասկանար, որ իր մրցակիցը ոչ թե հեղափոխությանը մասնակցած, այդ հեղափոխությունը 15 տարի կերտած, հաճակ իր հետ մրցակցած, իր ընդդիմադիր զինակիցներն են, իր հետ միասին Նոր Հայաստանը բերած քաղաքական ուժերը ու գործիչները, որոնց հատ առ հատ իրենից հեռացրեց ու «չեզոքացրեց» Նիկոլը, խառնելով նրանց «սևերի» հետ, այլ քրեաօլիգարխիան, որը, թեև թուլացած, սակայն շարունակում է տիրապետել թե՛ ահռելի ֆինանսների, թե՛ քաղաքական ռեսուրսի, այդ թվում՝ ԱԺ-ում, ու թե՛ հսկայական մեդիա-ռեսուրսների:

Հետհեղափոխական շրջանում, երբ հեղափոխությունը մարմնավորվեց բացառապես Նիկոլ Փաշինյանի ու նրա անմիջական շրջապատի մեջ, իսկ մյուս հեղափոխական ուժերը հետևողականորեն մարգինալացվեցին նույն Փաշինյանի կողմից, նա պետք է ինքն իրեն պատասխանի հետեւյալ հարցերին.

1. Արդյո՞ք ի վիճակի է հաղթահարել Կրեմլի ակնհայտ հովանավորչությամբ Հայաստանում գործող հինգերորդ շարասյանը, որը գնալով ուժեղանում է՝ ժողովրդի մեջ հետհեղափոխական էյֆորիայի հետզհետե մարման և շատ սպասումների չարդարացման արդյունքում առաջացող հիասթափության ֆոնին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Ալեն Սիմոնյան-Տիգրան Ավինյան քաղաքական քառյակը արդյո՞ք ի վիճակի է հաղթահարել այդ մարտահրավերը: Իր թիմի մյուս քաղաքական գործիչները դեռ այն հեղինակությունն ու կշիռը չունեն նման գործառույթ ստանձնելու համար, որքան էլ որ բարձր պաշտոններ չգրավեն:

2. Իսկ ուժային մարմինների վրա նա կարո՞ղ է լիովին հույս դնել, եթե նախկինները և ներկայիս քրեաօլիգարխիան փորձի զինված հեղաշրջում իրագործել (իշխանափոխության այլ տարբերակ նրանք պարզապես չունեն):

3. Կարո՞ղ է վերահաս վտանգին ընդառաջ, երբ միայն տեղյակ մարդկանց պարզ լինի մոտեցող վտանգը՝ ժողովրդին փողոց հանել, այն էլ՝ Թագավարակի պայմաններում: Այսինքն, համարո՞ւմ է, որ ժողովրդի, որպես քաղաքական գործոնի ազդեցությունը, սահմանափակված չէ:

Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա կարողանա «այո» պատասխանել այս հարցերին:

Կրկնում եմ, այն ժողովրդավարական ու հեղափոխական ուժերը, որոնց վրա իրականում պետք է կումուլացվեր ժողովրդի նման դժգոհության սպասարկումը՝ այժմ Նիկոլի ջանքերով մարգինալիզացված են և չեն կարող ժողովրդի դժգոհ հատվածի աչքերում կատարել այդ գործառույթը:

Ես արդեն կռահում եմ, թե ինչ ձևաչափով են ռեւանշիստները փորձելու իրենցից մեկի՝ Ծառուկյանի սկսած լիովին օրինական և քաղաքական գործընթացը հեղաշրջման հասցնել: Չեմ արտահայտվի, որպեսզի չհուշեմ նրանց տեխնոլոգիաներ, որոնց նրանք կարող է և (հուսանք) չտիրապետեն: Հուսով եմ նաև, որ Նիկոլը չի գնա նախկին իշխանությունների ճանապարհով և իր իշխանության դեմ ոտնձգությունները չհովանավորելու դիմաց Կրեմլին որևէ ազգային շահ չի զիջի:

Վարչապետը պետք է գործի արագ, վճռական և կոշտ, առանց հույսը դնելու քաղաքական երկարատ և գործընթացի վրա, որով կկարողանար դաշնակից կոալիցիաներ ձևավորել:

Այլապես կարող է ուշ լինել»: