Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա». Հրանտ Տէր-Աբրահամեան

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա». Հրանտ Տէր-Աբրահամեան
430
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 19:25

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա:

Այդ հարաբերությունների խնդիրը, նպատակը պետք է լինի մեր ինքնիշխանությունը: Բայց այդ հարաբերությունների խնդիրը և նպատակը երբեք չպետք է լինի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ Հայաստանի ներքաշումը, «հանուն ռուսական դեմոկրատիայի» «պայքարը», ընդհանրապես որևէ «արժեքային», «գաղափարախոսական» բան: Այսինքն՝ խիստ առանձին են և նույնիսկ հակադիր են՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, այդ թվում «ռուսական դեմոկրատիայի» հարցը և դրանց մեջ խառնվելը: Այս բաժանումը պետք է շիկացած երկաթով արվի ընդհուպ մինչև անձնական հոգեբանության մակարդակ: Փորձեմ բացատրել:

Ռուսաստանի պես մեծ տերության հետ հարաբերություններում միշտ էլ լինելու է Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Գրեթե ֆիզիկայի օրենք է սա՝ մեծ տերությունը ձգտելու է ծավալել իր ազդեցությունն ի հաշիվ մեր և մյուսների փաստացի ինքնիշխանության: Այստեղ չկա ոչ մի ողբերգություն, սա բնական, դինամիկ պրոցես է, որը պետք է անընդհատ կառավարվի մեր կողմից, և անհրաժեշտ դիմադրություն ցուցաբերվի:

Կոնկերտ հետսովետական Հայաստանի «խնդիրն» այն է, որ համեմատած իր չափերի հետ նա ունի ինքնիշխանության ավելցուկ՝ շնորհիվ իր ռազմական հաջողության, բանակի, ազատագրված տարածքների վերահսկողության: Մեր կոնֆլիկտի գոտում չկան խաղաղապահներ՝ մենք ենք այդտեղ անվտանգության երաշխավորը: Սա մեր ավելցուկն է: Մենք անընդհատ պաքարի մեջ ենք լինելու հանուն այս ավելցուկի: Սա կրկնեմ, ողբերգություն չէ, այլ աշխատանքային վիճակ, և ունենք ռեսուրս սրա «տակից դուրս գալու», և դեռ մի բան էլ՝ ավելացնելու: Եթե մանրամասնեմ, թե ինչու և ինչպես ունենք այդ ռեսուրսը, ապա շատ հեռու կգնամ:

Բայց միանգամայն այլ խնդիր է «արժեքայինը»: «Պուտինը չարիք է», «ռուսական դեմոկրատիան» և նման բաները քաղաքական միֆոլոգիայի շարքից են՝ մասն են գեոպոլոտիկ մեծ պայքարի: Դրանք «հավատացյալների» համար են՝ նրանց, ով պետք է լինի նման պայքարներում «զինվոր», «թնդանոթի միս» ու հետևաբար պետք է հավատա, որ այս ամենը հանուն «արժեքների» է: Սա մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի: Մենք 20-րդ դարում անցել ենք այս ամենով՝ հավատալ «դեմոկրատական Ռուսաստանին», «դեմոկրատական Թուրքիային», հավատալ, որ կարող է լինել ինչ-որ այլ՝ «ոչ իմպերիլիստական» Ռուսաստան, Թուրքիա և այլն: 2020-ին նման բաների հավատալը քաղաքական հանցագործության եզրին է:

Հետաքրքրվել ռուսական ներքին քաղաքականությամբ, ռուսական ընդդիմությամբ, էլ չասած՝ համակրել՝ ես դրա համար նույնիսկ սիմվոլիկ պատիժ կամ պարտադիր բուժում կսահմանեի: Գոնե ինչ-որ տուգանք կամ հարկերի ավելացում՝ եթե քեզ հետաքրքիր է, ասենք, ռուսական ընդդիմությունը, պիտի մի քանի անգամ ավել հարկ վճարես՝ այդ աստիճան ոչ ադեկվատ եմ համարում դա հայկական քաղաքականության տեսակետից: Իսկ եթե դու լուրջ համարում ես, որ կլինի մի օր դեմոկրատական Ռուսաստան, որը մեծ տերության քաղաքականություն չի վարի մեր տարածաշրջանում, ապա դեղերը պարտավոր ես խմել ամեն առավոտ ու տեղեկանք ներկայացնել մոտակա ոստիկանական բաժին: Այո՛, չափազանցնում եմ, այո՛, գրոտեսկի եզրին եմ գրում, բայց մտքիս էությունը միայն ավելի շեշտելու համար:

Հ. Գ. Նաև խելք է պետք ունենալ հասկանալու համար, որ հաճախ առավել «հակառուսական» գործողությունները կամ խոսքերն արվում են և ասվում են իրենց արտաքին տեսքին ճիշտ հակառակ նպատակի համար: Եթե դուք լինեիք պայմանական «Նոր Զելանդիա» և ուզենայիք ավելի ակտիվ միջամտել պայմանական Ֆիջիի ներքին գործերին, ապա ի՞նչ կանեիք: Միգուցե կփորձեիք լավ առիթներ ստեղծել դրա համար: Օրինակ՝ հականորզելանդական ակնհայտ գործողություններ Ֆիջիում նորզելանդական իքս գործակալների միջոցով»: