Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները

ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
209
Այսօր, 01:24

Հայաստանում Իրանի դեսպանությունը հրապարակել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության վերապահման տեքստը։
Իրանի ԱԳՆ-ի ներկայացրած վերապահման տեքստից ակնհայտ է դառնում, որ նշված հայտարարությունն ընդունելու վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների միջև նախնական համաձայնություն չի եղել։
Վերապահման մեջ նշվում է, որ հայտարարությունը, որը ներկայացվել է՝ որպես գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) ամփոփագիր, չի արտացոլում կողմերի արտահայտած դիրքորոշումները՝ չնայած այն ներկայացվում է՝ որպես համաձայնեցված և բանակցված տեքստ։
Իրանը նաև ընդգծում է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ անդամ երկրների միջև պայմանավորվածություն չի եղել, որ գագաթնաժողովի արդյունքներով եզրափակիչ հռչակագրի փոխարեն պետք է գագաթնաժողովի նախագահի ամփոփագիր հրապարակվի։
Իրանը հավելել է, որ հայտարարության առաջին հատվածում ոչ ամբողջական և ընտրողական հղում է արվել Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության նախարարական համաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին, ինչն անընդունելի է և չի արտահայտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բոլոր մասնակիցների դիրքորոշումը։
Նշենք, որ հայտարարությունում, հղում անելով Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին, տեղ էր գտել ձևակերպում այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ իբր Հայաստան վերադառնալու իրավունքի մասին։
Իր վերապահման մեջ իրանական կողմը ցավալի է համարում, որ հայտարարությունում Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի վերաբերյալ ձևակերպումներն ամբողջությամբ չեն արտահայտում իրականությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև չի դատապարտվում Իսրայելի կողմից միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը։
Իրանի ԱԳ նախարարության ներկայացրած վերապահումների տեքստը հրապարակվել է նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության կայքում՝ կցվելով հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանի դեսպանի հայտարարությանն արձագանքել էին նաև Ադրբեջանից։ Մասնավորապես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, որ հայտարարությունը պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի ամփոփագրի ձևաչափով և արտացոլել է գագաթնաժողովի արդյունքները։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անընդունելի էր համարել Իրանի դեսպանի հայտարարությունները՝ նշելով, որ հայտարարությունում հղում է արվել Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներով ընդունված Ստամբուլի հռչակագրին, որն ընդունվել է կոնսենսուսով։ Չնայած Հաջիզադեի պնդմանը, թե Ստամբուլի հռչակագիրն ընդունվել է կոնսենսուսով՝ Հայաստանում Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանը համաձայն չէ այդ հռչակագրում տեղ գտած որոշ ձևակերպումների հետ, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Հայաստանի նկատմամբ։