Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանի ժողովուրդը դեռ երկար է վճարելու ալիևյան արկածախնդրության գինը». Հրանուշ Խառատյան

«Ադրբեջանի ժողովուրդը դեռ երկար է վճարելու ալիևյան արկածախնդրության գինը». Հրանուշ Խառատյան
390
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 15:45

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև Ադրբեջանի ժողովուրդը չհասկանա, որ ինքը թուրքական մսաղացի հումք է, օգտագործվելու է քեմալա-էրդողանական շահերի համար
Շատ արագ «բացահայտվեց», որ Ալիևի ներկայիս արկածախնդրության աղբյուրը խորթ եղբայր Թուրքիան է: Ահա, հիմա էլ ռուսական աղբյուրն է գրում՝ «վերջին ամիսներին Անկարան Ադրբեջանին հրահրում էր ռազմական գործողությունների՝ խոստանալով քաղաքական-դիվանագիտական, ռազմա-տեխնիկական, հետախուզական օգնություն... Խոսքը գնում է 600 զինծառայողների, Նախիջևանում 50 ինստրուկտորների և Բաքվում 90 ռազմական խորհրդատուների, Դալլարի օդակայանում անօդաչուների 20, Եվլախում՝ 50 օպերտաորների, 4-րդ ռազմական կորպուսում 50 ինստրուկտորի, Բաքվում Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում և ռազմա-ծովային բազայում 20 մարդու մասին, որոնց ղեկավարում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Չխոսելով օգտագործվող ռազմական տեխնիկայի մասին:
Ծանոթ պատկեր է: 1919թ. հոկտեմբերից Բաքվում Քեմալի գործակալներն էին Թուրքիայից ուղարկված Օմար Լյուֆթի և Ֆուադ Սաբիթ բեյերը, Նուրի փաշան և տխրհռչակ Էնվերի եղբորորդի Հալիլ փաշան: Սրանք Քյազիմ Կարաբեքիրի գրավոր հուշերից էլ են հայտնի: Մեկ այլ բեյի՝ Բահու Սաիտի առաքելությունը Բաքվում նորստեղծ Ադրբեջանը խորհրադայնացնել ու որպես օգնության գին Ռուսաստանին հանձնելն էր: 1920թ. ապրիլի 20-ին, երբ 11-րդ կարմիր բանակը առանց որևէ դիմադրության Բաքու մտավ, նրանց դիմավորում էր Հալիլ փաշա կոչվածը: Բաքուն, այո, չդիմադրեց: Բայց մայիսին դիմադրեց Ելիզավետպոլը՝ ներկայիս Գյանջան: Ելիզավետպոլի դիմադրական կռիվներին, ըստ գերմանացի հետազոտող Յորգ Բաբերովսկու հետազոտության, զոհվել են 1500 կարմիրբանակային, 4000 մահմեդական, ձերբակալվել է 12000 մարդ, որոնցից 4000-ին գնդակահարել են բոլշևիկ թուրքերը (Баберовски Й. Враг есть везде. Сталинизм на Кавказе [пер. с нем. В. Т. Алтухова]. «Российская политическая
Энциклопедия» (РОССПЭН), Фонд «Президентский центр Б. Н. Ельцина», Мօсква, 2010, էջ 254-259):
Հետագան շատերին է հայտնի: Ադրբեջանը ծանր գին է վճարել Թուրքիայի քեմալական անկախությանը ինքնազոհաբերվելով և մշտապես մնալով Թուրքիայի քաղաքական շահերի քավության նոխազը:
Հիմա Ալիևը, հավանաբար, իրեն թուրքական թակարդում է զգում: Եթե ուզենա էլ՝ չի կարող ինքնուրույն դուրս գալ այդ թակարդից, մինչդեռ Ադրբեջանի ժողովուրդը վճարում և դեռ երկար վճարելու է ալիևյան արկածախնդրության գինը: Նաև թուրքական արտադրության ահաբեկիչների մշտական և աճող ճնշման տակ»: