Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը
312
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 16:35

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր ելույթում հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն եղել:
Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ, և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:
Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության, հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող: