«Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ»․ Միքայել Համբարձումյան
![]() 324 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 22:05 Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ՊԺԿ Միքայել Համբարձումյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին «Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին: Այսօր ևս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի՝ անտարբեր չգտնվել և չլռել: Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ: Այո', նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար՝ պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ՝ անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր՝ նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը՝ չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ: Բայց միևնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր: Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը՝ դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ՝ դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու'րդը պետք է տա իր գնահատականը՝ ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո'ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը՝հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց: Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը՝ դեմ մի' գնացեք ձեր խղճին, գործե'ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով: Հիշե'ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը: Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱԿՈՒՌ և ՄԻԱՍՆԱԿԱՆ»,- գրել է ՀՀ ԱԱԾ գնդապետը։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
