«Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր պետության տարածքը այսքան փոքր». Նարեկ Սարգսյան
349
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 04:10
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունները կառուցում են քաղաքական գործիչները, որովհետև պետությունները քաղաքական օրգանիզմներ են: Եթե չկա քաղաքականություն, կլինի ժողովուրդ, կլինի լեզու, կլինի ինչ-որ ճարտարապետություն, երգ, պար, տարազ, բայց չի լինի պետություն: Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր պետության տարածքը այսքան փոքր, ինչո՞ւ ենք այսքան կորուստներ կրում, ինչո՞ւ ենք պատերազմներում պարտվում, ինչո՞ւ է Սևրի՝ մեզ ձեռնտու պայմանագիրը չեղարկվում, իսկ Կարսի՝ մեզ համար ցավագին պայմանագիրը կյանքի կոչվում: Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է Իսրայելն այդքան փոքր տարածքով զրոյից սկսված մի պետություն՝ աշխարհի ամենահաջողակներից մեկը: Թե ինչու է Սինգապուրում կյանքի որակը գերմանականից բարձր: Թե ինչու են Ամերիկան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հզոր երկրներ, իսկ Սոմալին, Չադը և Վենեսուելան՝ ձախորդ երկներ: Թե ինչու է պատերազմում պարտված Գերմանիան հարուստ, իսկ պատերազմում հաղթած Ռուսաստանը՝ աղքատ: Հարցի պատասխանը պարզ է. որովհետև Ամերիկան ունեցել է հզոր պրեզիդենտների բանակ: Որովհետև Գերմանիան ունեցել է Ադենաուեր, Շմիդտ ու Քոլ: Որովհետև Իսրայելի ամեն մի վարչապետի ելույթներից մի բան սովորում ենք: Հզոր մարդիկ են եղել, հզոր մտածողությամբ: Այդ քաղաքական ուղեղներն են ստեղծել պետություններ: Հետևաբար «Հայի բախտ», «Բոլորը մեր դեմ են», «Արյունախում թուրք», «Աշխարհը մեզ դավաճենց» և մնացած մտքերը ի՞նչ են, եթե ոչ անգրագետ և ապուշ մտքեր, որ որոճվում են մեր ազգի բերաններում անընդհատ ու անընդհատ և մեր դպրոցներում թունավորում մեր երեխաների հոգեբանությունը: Եթե առաջին հանրապետության ղեկավարներն ունենային տարրական քաղաքական-ռազմավարակն մտածողություն, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի հարց չէր լինի, ոչ միայն Ղարաբաղը կլիներ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մաս, այլև թե՛ Նախիջևանը, թե՛ Կարսի նահանգը, թե՛ Սուրմալուի գավառը՝ Մասիս և Սիս սարերով կլինեին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մաս և թուրքերը առաջինը դա կճանաչեին, ինչպես առաջինը ճանաչեցին ներկայիս Հայաստանի Հանրապետությունը՝ իր 30 հզ, քկմ տարածքով: «Արյունախում թուրքը» ի՞նչ մեղք ունի, որ առաջին հանրապետության դաշնակցական կառավարությունը տարրական քաղաքական գրագիտություն չուներ: Մյուս օրինակը բոլորիս աչքի առաջ է: Հայաստանի ներկայիս ղեկավարը պետք է ունենար տարրական ռազմավարական գրագիտություն, որպեսզի նայեր մեր և թշնամու ուժերի հարաբերակցությանը և հասկանար, որ պատերազմի դադարի մասին պայմանագիրը պետք է կնքել ոչ թե նոյեմբերի 10-ին, այլ հոկտեմբերի 10-ին: Պետք է գնալ Մոսկվա և ստորագրել «Լավրովյան պլանի» տակ: Եվ վերջ՝ մենք կունենայինք ամբողջական Ղարաբաղ՝ շատ ավելի լայն Լաչինի միջանցքով՝ չհաշված հազարից ավելի զոհերը: Հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»: Եթե հարյուր տարի առաջ մեր ղեկավարները խելացի լինեին, Ղարաբաղի հարց չէր լինի առհասարակ: Իսկ եթե 1991-1994թթ-ին մեր ղեկավարները խելացի չլինեին, ապա Ղարաբաղը մենք վաղուց կորցրած կլինեինք (ինչպես Նախիջևանը) և Նիկոլը էլ կորցնելու բան չէր ունենա: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը մասնագիտություն է, որը պահանջում է տարիների տքնաջան կրթություն, տաղանդ, աշխատասիրություն, եռանդ ու հազար ու մի ուրիշ բան: Ոչ թե կրթական համակարգն է պետություն ստեղծում, ոչ թե գյուղատնտեսությունը, ոչ թե արվեստը, այլ քաղաքականությունը: Եվ հետո էդ ստեղծված պետության մեջ զարգանում է թե՛ կրթություն, թե՛ գյուղատնտեսություն, թե՛ արվեստ: Դա է պատճառը, որ ես ասում եմ՝ եթե մեր էս խայտառակ քաղաքական ներկապնակի մեջ կան քաղաքական տաղանդավոր գործիչներ, մենք պիտի իրենց գնահատել իմանանք: Ձեր կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը ուզո՞ւմ է, որ իրեն մեծարեք կամ գնահատեք: Բացարձակապես: Տեր-Պետրոսյանին գնահատելու կարիքը մեր պետությունն ունի, մեր երեխաները ունեն, մեզնից յուրքանչյուրը ունի: Մի՞թե ամերիկացիները հիմար են, որ մեծարում են իրենց նախագահներին: Ֆրանսիացիները Դը Գոլին մեծարում են հիմարաբա՞ր: Հնդիկները Ներուին ու Գանդիին մեծարում են պատահաբա՞ր: Ո՛չ մի դեպքում: Մեծարում են, որովհետև եթե ժողովուրդն ուրանում է պետություն կառուցողների մեծագործությունը, ուրեմն այդ ժողովուրդը նույնիսկ փոքրիկ և անծով պետություն ունենալու արժանի չէ: Եթե դու ծառ տնկողին, ջրողին ու խնամողին ուրացար, ուրեմն դու արժանի չես ծառ ունենալու, առավել ևս ծառի պտղից ուտելու, ուրեմն պիտի մնաս սոված ու անպաշտպան»: