Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Քրգործ է հարուցվել բանկի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Քրգործ է հարուցվել բանկի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
443
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 20:15

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը ավտոմեքենայում չի գտնվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:

Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին, նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։