Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի շենքեր են կառուցում

Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի շենքեր են կառուցում
355
Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 22:55

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը «168 ժամ»-ի եթերում ահազանգել է, որ Հայաստանում միակ և բացառիկ նշանակություն ունեցող գիտահետազոտական կենտրոնի քանդման մեկնարկը տրվում է, ինչը կանխելու համար ինստիտուտի աշխատակիցները կանգնել են պետական կառույցը հենց պետությունից պաշտպանելու խնդրի առաջ։

«Ինստիտուտին պատկանող ջրավազանը դեռևս 2007 թվականին 1 միլիոն 200 հազար դրամով վաճառվել է՝ մինչ այդ հանձնելով Արաբկիրի թաղապետարանին։ Վաճառվել է ինչ-որ անձի, թեև այդ ջրավազանը ինստիտուտի համար ուներ կարևոր նշանակություն, այն դիտակվում էր՝ որպես ջրի ծավալ, քանի որ քիմիական, հետազոտական և արտադրական քիմիայի մեջ ընդունված է, որ պետք է պարտադիր լինի ջուրը։ Այս գործընթացը հետ շրջելու համար դիմել ենք տարբեր պատկան կառույցների, հասել ենք ընդհուպ նաև Հանրապետության նախագահին, նամակներ ենք ուղարկել, առաջարկել են դատական հայց ներկայացնել գնորդի դեմ, ինչը չենք արել՝ կանխազգալով, որ դատարանը կարող է ընդունել այնպիսի որոշում, որը կլինի ի վնաս դեղագործական այս ինստիտուտի, և ընտրել ենք պայքարի այլ տարբերակ՝ թույլ չտալով, որ իստիտուտին պատկանող տարածքում որևէ նոր շինություն կառուցվի»,- ասել է Վիգեն Թոփուզյանը։

Օրերս ինստիտուտի աշխատակիցներին ներկայացրել է իր ծրագիրն առ այն, որ պատրաստվում է դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի մասնաշենքերի մեջտեղում՝ ջրավազանի տարածքում, կառուցել բնակելի շենքային համալիր։

Հաղորդման մասնակից, ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանն էլ եթերի ընթացքում նշել է, որ երբ փորձել է բանակցել գնորդ ընկերության ներկայացուցիչների հետ, ստացել են պատասխան, որ չբողոքելու դեպքում կարող է մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերել նորակառույց շենքում։

Գիտնականների պնդմամբ՝ քիմիական նյութերով հարուստ տարածքում նորակառույց շենքեր կառուցելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան. «Եթե նորակառույց շենքեր են կառուցում, նշանակում է՝ այնտեղ ապրելու են բնակիչներ, մյուս կողմում էլ լինելու է քիմիական բնագավառի արտադրություն, որը անվնաս գործընթաց չէ։ Ճիշտ է՝ քիմիկոսները վտանգի են ենթարկում իրենց առողջությունը, երբ աշխատում են, բայց չէ՞ որ ինստիտուտի ներսում կան պաշտպանիչ միջոցներ, քիմիան չի կարող ազդեցություն չունենալ մթնոլորտի վրա, արտազատված որոշ գազային նյութեր մեր շենքերի մասնաշենքերի տանիքներով դուրս են մղվում օդ, որը շնչելու են այդ բնակիչները։ Հիմա, եթե արտանետվելու է օդ առողջության համար վտանգավոր նյութ, բնակիչները, առաջին բանը, որ անեն, պետք է բողոքեն, իսկ այդ դեպքում մենք ի՞նչ կարող ենք անել, պետությունը մեզ կասի՝ արի դու գնա, բնակչին վնասում ես։ Սա լինելու է մեր ինստիտուտի վերջը, մենք այս վտանգն ենք տեսնում։ Շենք եք կառուցում, Երևանում այլ տեղեր կան, ինչո՞ւ եք գալիս մտնում քիմիայի մեջ ու վտանգում ձեր կառուցած բնակարանները գնողների առողջությունը։ Կրկնում եմ՝այսպես դրվելու է մեր ինստիտուտի վերջի մեկնարկը, ինչը մենք թույլ չենք տալու»,- ասել է գիտնականը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի շենքեր են կառուցում