«Դիմե՛լ ՄԱԿ-ի Միջազգային դատարան`Ադրբեջանի նախագահի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով». Հ. Բաղդասարյան
332
Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 04:10
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհասփյուռ հայությո՛ւն, Հայաստանն, այլևս, գաղութացված է: Երկիրը չունի իշխանություն, իսկ Հայաստանի Հանրապետության խամաճիկ կառավարությունը, դարձել է օտարների շահերն արտահայտող գործակալություն: Հայաստանի անունից 2020 թվականի նոյեմբեր 9-ին ստորագրված հայտարարությունը առոչինչ է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Կոնվենցիայի 49-52-րդ հոդվածների ուժով, քանի որ այն պարտադրվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այդ հայտարարությունը չի կարող համարվել օրինական, քանի որ այն հայաստանյան օրենսդիր և դատական իշխանությունների կողմից չի վավերացվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205 հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխություններին վերաբերող հարցերը չեն դրվել հանրաքվեի: Այս ապօրինությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի իշխանությունն օրինական չէ, քանի որ այն ձեւավորվել է ոչ թե, այսպես ասած, 2018 թվականի «թավշյա հեղափոխության», այլ արտաքին ուժերի ու ներքին պատեհապաշտների գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում: Տարաշխարհիկ հայե՛ր Հայաստանին և հայ ժողովրդին այսօր սպառնում է բնաջնջում և երկրի պետականությունը վերջնականապես կորցնելու վտանգ: Ռուսաստանը շարունակում է Հայաստանի առաջին՝ Արարատյան (1919թ.-ից՝ Միացյալ) Հանրապետության նվաճումը և ամբողջականության տարանջատումը, որ սկսել էր դեռեւս 1920 թվականի դեկտեմբեր 2-ին, և երկրի տարբեր մարզերի ու շրջանների տրամադրումը հարեւան պետություններին: 1920 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով և նույն թվականի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշմամբ Հայաստանին արդեն պարտադրվել էր սոսկալի անիրավություն, ինչը շարունակվում է մինչեւ այսօր: Հայաստանի դեմ պատերազմ սկսելով Ադրբեջանը խախտել է ուժի չկիրառման միջազգային սկզբունքը, որն ամրագրված է հենց իր՝ 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտում: Ավելին, Ադրբեջանն այսօր էլ ռազմատենչ հայտարարություններ է անում և չի թաքցնում իր նկրտումները Հայաստանի հարավային և արեւելյան շրջանների նկատմամբ: Պատերազմի ընթացքում, Ադրբեջանը խախտել է 1992 թվականի մայիս 15-ին ստորագրած Եւրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչպես նաև գործածել է անթույլատրելի, արգելված ֆոսֆորական ռումբ: Ադրբեջանի կողմից կռվել են Թուրքիայից բերված սիրիացի ահաբեկիչների ջոկատներ, ինչը Միջազգային իրավունքի տեսակետից, դիտարկվում է որպես ծանր հանցագործություն: Նկատի ունենալով, հատկապես, մարդասպան վարձկանների դեմ քաղաքակիրթ հասարակության աննահանջ պայքարը ու նրանց պայմաններին չենթարկվելու միտումը, ներկայիս Հայաստանի Հանրապետությանը թելադրված պայմանագրի (հայտարարության) դրույթների հետ համակերպվելը ուղղակի անընդունելի է, քանի որ այն հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է դառնալ անթույլատրելի ու վտանգավոր նախադեպ: Հայաստանը զրկվել է իր անվտանգության երաշխավորից՝ սեփական բանակից, և իր սահմանների պաշտպանությունն, ըստ էության, հանձնել է օտարին: Հայաստանը, նույնիսկ, զրկվել է պատերազմական թատերաբեմից դուրս գտնվող իր տարածքների ճակատագիրը որոշելու իրավունքից: Ավելին, իշխանությունը Ադրբեջանից չի կարողանում պահանջել ո՛չ գերիների փոխանակում, և ոչ էլ՝ զոհվածների դիակների վերադարձ՝ ոչնչացման սպառնալիքի տակ թողնելով հայկական պատմամշակութային կառույցները, հուշարձանները և գերեզմանները: Այս պայմաններում Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը լռում է, ինչն էլ հիմք է տալիս վստահաբար ասելու, որ նա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ դավադիր պայմանավորվածություններ է ունեցել՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ կապիտուլյացիոն ակտը ստորագրելիս»: Հայաստանը պատերազմի ժամանակ չի ունեցել վստահելի գործընկեր, իսկ իր միակ ռազմավարական գործընկեր ու դաշնակից համարվող Ռուսաստանը ոչ միայն միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է տրամադրել Ադրբեջանին և իր նորագույն զենքի տեսակներն էլ վաճառել Թուրքիային, ինչով էլ ուժեղացրել է Հայաստանի դեմ ասպատակած երկրներին, այլև, փաստորեն, պարտադրել է ստորագրել Հայաստանի համար բոլորովին ոչ շահեկան և ստորացնող հայտարարություն: Հայաստանի իշխանությունը Հայաստանի ապահովությունն ու խաղաղությունը առաջնային չհամարելով, միտումնավոր մերժել է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկությունները և ձախողել է սկանդինավյան խաղաղապահների մուտքը տարածաշրջան: Հայրենաբաղձ հայե՛ր Արտերկրում Հայոց Ազգային խորհրդի (խորհրդարանի) և Հայաստանի (Սփյուռքի) կառավարության ձևավորումը Հայաստանի համար այս օրհասական ժամին դարձել է առաջնահերթ խնդիր, քանի որ մենք արդեն անուժ ենք դավաճանության, վայրենության ու վանդալիզմի դեմ պայքարելու հարցում: Եթե ուզում եք փրկել Հայաստանը համաշխարհային չարիքից, ձեր ձայնը բարձրացրեք ժողովրդավարական պետությունների կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների առաջ՝ ներգրավելով ձեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչներին, բարի կամքի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ընդունում են մեր պայքարի արդարացիությունը ու համամարդկայնությունը՝ նրանց ներկայացնելով հետևյալ պահանջները. 1. Դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ ռուս-թուրքական համաձայնությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիան ու կանխարգելել նոր նվաճողական պատերազմը: 2. Դիմել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի իրավական հարցերով (վեցերորդ) կոմիտեին և միջազգային իրավունքի հանձնաժողովին՝ հետևյալ հարցերի պարզաբանումը ստանալու հայցերով. - Գործո՞ւմ է արդյոք 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագիրը, մասնավորապես՝ դրա 88-92-րդ հոդվածները, համաձայն որոնց Թուրքիան ճանաչել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին ներկայացրած Իրավարար վճիռը և ի՞նչ իրավական հետևանքներ են դրանք առաջացնում, - Համապատասխանո՞ւմ են արդյոք օրինականությանը և գործող միջազգային նորմերին, Հայաստանի Հանրապետության և ՌՍՖՍՀ միջև կնքված 1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը, ՌՍՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքված 1921թ. մարտի 16-ի բարեկամական պայմանագիրը և 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշումը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որոնց դե ֆակտո գործողություններով Հայաստանը կորցրեց իր տարածքների զգալի մասը, ինչպես նաև՝ ինքնիշխանությունն ու պետականությունը, 3. Դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատախազին և առաջարկել քրեական վարույթ հարուցել Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ միջազգային նորմերը խախտելու, ագրեսիվ պատերազմ վարելու և ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքներով: