Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ՝ մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք». Մեղրիի փոխքաղաքապետ

«Թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ՝ մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք». Մեղրիի փոխքաղաքապետ
327
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 18:55

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր, այցի մասին նա նախապես հայտնել էր և գրառում կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կայցելի Մեղրի, Սիսիան, Կապան, Գորիս։ Սակայն նրա այցը սահմանափակվել է միայն Սիսիան այցով, քանի որ սյունեցիները փակել էին Կապան-Տաթև ճանապարհը։

Սյունեցիները նախապես հայտարարել էին, որ թույլ չեն տալու երկիրը թշնամուն հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք։

168.am–ի հետ զրույցում Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանն ասաց, որ իրենք Կապան-Տաթև ճանապարհին սպասում էին, որ վարչապետը կգնա այնտեղ ու իրենց հարցերին կպատասխանի։

«Նիկոլ Փաշինյանը մեզ մոտ չեկավ, հետ գնաց՝ արհամարհելով այդքան ժողովրդի։ Նա իրեն դրսևորեց այնպես, ինչպես միշտ է դրսևորել, եկավ, մտավ Սիսիան, այնտեղ, որտեղ հնարավոր էր աջակցության որևէ նշույլ ստանալ, այն էլ՝ կազմակերպված ձևով։ Նա նախապես հայտարարել էր, որ գալու է Սյունիք, քաղաքներն էլ նախապես նշել էր, բայց չեկավ, չգալն էլ կապված էր նրա հետ, որ մեր հարցերի պատասխանները չուներ, երկրորդը՝ թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ, այսինքն՝ հրմշտոցով, մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք»,- նշեց Արմեն Սամվելյանը։

Նա նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում՝ որևէ հիմնավորում չունի, և դրա հիմնավորումը վարչապետը չէր կարող ներկայացնել իրենց։ Ավելին՝ անձամբ փորձել է բազմաթիվ պատկան մարմիններից ստանալ սյունեցիներին հուզող այն հարցի պատասխանը, որ, եթե մարդկանց արյան գնով պահված հողը նշված չէր նոյեմբերի 10-ի համաձայնագրում, ինչու են տալիս թշնամուն։

«Այդ համաձայնագրի առաջին կետում նշված էր, որ երկու կողմերի զորքը կանգնում է այն դիրքերում, որտեղ նոյեմբերի 10-ին կանգնած է եղել։ Երկրորդ կետում նշված էր այն շրջանները, որոնք պետք է հանձնվեին, այնտեղ որևէ խոսք չկար Կուբաթլուի և Զանգելանի մասին։ Ի՞նչ հիմքով, ի՞նչ որոշմամբ ու պատճառաբանությամբ այդ տարածքները հանձնվեցին, այս հարցի պատասխանը ես մինչև հիմա չեմ ստացել։ Ինչ-որ բաներ են պատմում, թե սա Սյունիքի համար առավել ապահով պայմաններ է, ճիշտ հասկացեք՝ սյունեցին իրեն ապահովել էր, ուներ բուֆերային զոնա, այն պահել էինք տղաների արյան գնով։ Եթե նախապես պայմանավորվել էին, որ այդ տարածքները պետք է հանձնեն, դրա մասին գրված չէր, ամեն դեպքում այդ ամենը ժողովրդին հասանելի չէր։ Լավ, ինչքա՞ն շարունակենք մեր հողը զիջել։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ սյունեցին նոր «անկնկալներ» է սպասում, այսինքն՝ մենք չգիտենք՝ վաղը ինչ բոթ ենք լսելու, ինչ նոր տարածքների հանձնում կլինի։ Սյունեցին իր սարերի նման միշտ կանգնած է եղել, առողջ է մտածել ու դատել։ Բայց այս պարագայում որևէ տրամաբանություն չկա»,- հավելեց Մեղրիի փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։