Մտահոգիչ է գերիների վերադարձի ձգձգումը. հայտարարություն
222
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 15:00
Սասնա Ծռեր համահայկական շարժումը հայտարարություն է տարածել. «Մտահոգիչ է գերիների վերադարձի ձգձգումը Զինադադարից անցել է մեկուկես ամիս, սակայն գերիների վերադարձի հարցում շատ անորոշ և անմխիթար վիճակ է։ Զուգահեռաբար՝ թշնամին շարունակում է գերեվարությունները, խուսափում է գերիների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնել, նսեմացնում է նրանց արժանապատվությունը։ Էապես ոչ ամբողջական է Հայկական կողմի աշխատանքը թշնամու զինծառայողների կատարած ցեղասպանական ակտերի և խոշտանգումների վերաբերյալ տվյալների հավաքագրման և միջազգայնացման ուղղությամբ, մինչդեռ այն ոչ միայն կարևոր է միջազգային֊քաղաքական առումով, այլև կարող է որպես լրացուցիչ լծակ ծառայել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և գերիների վերադարձին նպաստելու համար։ Ավելին՝ Ադրբեջանը, խախտելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և, այդ սկզբունքի համաձայն Հայկական կողմից հետ ստանալով իր երկու մարդասպան ահաբեկիչներին, շինծու մեղադրանք է առաջադրում իր ձեռքում գտնվող ՀՀ քաղաքացուն և կալանավորում է նրան։ Առանձնակի մտահոգիչ է զինադադարից հետո՝ ռուսական խաղաղապահների միջամտությանը զուգահեռաբար «կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում» սկզբունքին համապատասխան Հայկական կողմի դիրքերում՝ Խծաբերդի մոտ, հայկական ստորաբաժանման 62 զինծառայողների գերեվարումը և նրանց վերադարձի ձգձգումը։ Հիմնականում Շիրակի մարզի բնակիչներից բաղկացած այդ ստորաբաժանման ծառայողները պահպանել են զինադադարի պայմանները, նրանց անունները հայտնի են, հակառակ կողմն ընդունում է նրանց գերեվարումը, սակայն նրանք չեն վերադարձվում։ Ակնհայտ է, որ նոր գերեվարումների և գերիների վերադարձի ձգձգման հիմնական պատճառը Ռուսական կողմից Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանին սիրաշահելու հետևանք է, մինչդեռ գործող կառավարությունը որևէ քայլ չի կատարում Ռուսասանի միջնորդական և խաղաղապահ առաքելությունն իրականացնելու շահադիտական և միակողմանի քաղաքականությունը չեզոքացնելու համար։ Գործող կառավարությունից պահանջում ենք բավարար ջանքեր գործադրել թշնամու հետագա ագրեսիվ քայլերը չեզոքացնելու և գերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ»։