Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քո վախկոտությունը սնվում է քո փառասիրությունից և ավարտվում արկածախնդրության հանգրվանում». Կարինե Հարությունյան

«Քո վախկոտությունը սնվում է քո փառասիրությունից և ավարտվում արկածախնդրության հանգրվանում». Կարինե Հարությունյան
304
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 03:10

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ Փաշինյան, դու շատ լավ գիտես, որ պատերազմից խուսափելու տարբերակը տարածքները հանձնելն էր: Դու շատ լավ գիտես, եթե ամնեզիայով չես տառապում, որ քեզ ասել էին դեռ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերին, որ գոնե երկու շրջան պետք է հանձնես, որովհետև դա է պահանջում միջազգային հանրությունը: Դու ասել ես՝ չէ: Դու մերժել ես խաղաղության արշավը: Դու վախեցել ես խաղաղության արշավ սկսել: Դու վախկոտ ես: Քո վախկոտությունը սնվում է քո փառասիրությունից, և ավարտվում արկածախնդրության հանգրվանում: Կարող ես օրը 24 ժամ գրել նույնը՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց դու ես թիվ մեկ պատասխանատուն մեր հազարավոր կորուստների և այսօր էլ Հայաստանի նկատմամբ արվող սահմանային, թե դիվանագիտական ոտնձգությունների: Դու ոտքից գլուխ թաթախված ես մեղքի մեջ, բայց ուզում ես դրանք ստերով թոթափած լինել: Չի ստացվի, որովհետև ընտրել ես սխալ ճանապարհ: Դու վախենում ես իշխանություն կորցնել, դու ամեն ինչ անում ես կրկին պաշտոնավարելու համար, մինչդեռ, եթե գեթ մի կաթիլ պետական մտածողություն ունենայիր և բարձր քաղաքական գործչին հատուկ արժանապատվություն, պետք է չմտածեիր անգամ հետագա պաշտոնավարման մասին: Մանիպուլյացիաներիդ պաշարն սպառված է վաղուց, դու հայտնի անեկդոտի անգրագետ ուսանողի նման ամեն անգամ կրկնում ես նույն՝ բլոճի կազմությունը: Բայց մի տարբերությամբ. եթե ուսանողը գոնե պատմում է իրական բլոճի կազմությունը, դու քո սեփական բլոճն ես ստեղծել և միտքդ կառուցում ես դրա շուրջ: Ինչ վերաբերում է երկուսուկես տարում քո չհասցրածին, դու չես էլ փորձել, որ հասցնես կամ ոչ: Երկուսուկես տարի դու շարունակաբար զբաղված էիր մանիպուլյացիաներով, ստերով, ժողովրդին դատարկ լայվերով պահելով, խոստումներ տալով, որոնք շատ լավ գիտեիր, որ չես իրականացնելու: Երկուսուկես տարին բակականին ժամանակ էր կարևոր փոփոխությունների համար, բայց դու ընտրել ես ձևը, ոչ թե բովանդակությունը: Իսկ հիմա, երբ երկրին ու ժողովրդին պատճառել ես այսքան մեծ կորուստներ, քո պաշտոնավարման ամեն մի ժամը, ամեն մի վայրկյանը կրճատում է մեր երկրի սահմանները, մեր երկիրն էլ ավելի խոր անդունդն է մղում: Դու պատուհաս ես երկրի համար: Լավ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դու ազգակործան պատուհաս ես»: