«Որո՞նք են ձեր հիմար ապացույցները՝ Բրիտանիայի մասնակցության կուլիսային խաղերին»․ Հայկ Մարտիրոսյան
331
Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 22:40
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական և ռուսական բացառիկ մասնակցության և շահերի ոլորտ՝ հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմ՝ Մեծ Բրիտանիային մտցնողներ. դուք իրոք այդ աստիճան անգե՞տ եք, թե՞ կորոնավիրուսը սուտ հիվանդություն հայտարարելուց հետո սա նոր մի մանիա է՝ Անգլիայի ձեռքը և ձեռագիրը տեսնել հայկական պարտությունում: Որո՞նք են ձեր հիմար ապացույցները՝ Բրիտանիայի մասնակցության կուլիսային խաղերին: Ո՞ր բրիտանական «դավադրությունն» եք բացահայտել ձեր խոհանոցում կամ լոգասենյակում: Դուք մեկ գրամ միտք անգամ տրամադրե՞լ եք՝ մտածելու, որ կարող է հակաբրիտանական պրոպագանդան հայկական որոշակի շրջանակներ մտցված լինի մերձավոր արտասահմանից: Մտցված լինի՝ հատուկ նպատակով. ևս մեկ կույր ատելության առիթ ստեղծել հայերի շրջանում և սեփական պետականությունը կորցնելու և դաշնակցի կազմ մտնելու ևս մեկ մտավոր խթան ստեղծվի մոլորյալ հայ ժողովրդի շրջանում: Մտածե՞լ եք, որ այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի ծայրահեղորեն ձեռնտու չէր հենց Մեծ Բրիտանիային, որովհետև ուժեղացավ նրա արքեհակառակորդի՝ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա: Դրանով մեծացավ և Ռուսաստանի դերը ընդհանրապես միջազգային ասպարեզում: Մտածե՞լ եք, որ ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում, այնպես էլ այսօր, հնարավոր է, որ բրիտանացիները բնական դաշնակից տեսնում են Հայաստանին և ո´չ իրենց համար սարսափելիորեն անհարմար գործընկեր դարձած և իրենց անընդհատ շանտաժ անող Թուրքիային: Մտածու՞մ եք, որ Արքայազն Չարլզի դերը միջազգային կամ հենց բրիտանական քաղաքականությունում զրոյական է և իր եղբայր արքայազն Էնդրյուի՝ Ջեֆրի Էպսթինի սկանդալից հետո առավել քան՝ անկայուն: Մտածե՞լ եք, որ ամեն բան չէ, որ Բրիթիշ Փեթրոլեումի՝ Բաքու-Ջեյհանում ունեցած երեսուն տոկոսով է որոշվում: Մտածե՞լ եք արդյոք, որ այս կոնֆլիկտում թե´ հրապարակում և թե´ կուլիսներում Բրիտանիայի դերը զրոյական է եղել և կա, և որ Բրիտանիայի անունն անտեղի մեջտեղ բերելով՝ դրանով դիսկուրսից դուրս եք թողնում կամ փոքրացնում իսկական խաղացողների և իսկական հանցավորների դերը: Մտածե՞լ եք, որ դրանով վհուկների կեղծ որս եք նախաձեռնում երկրի ներսում՝ նախագահից սկսած՝ սրան-նրան բրիտանական լրտես պիտակավորելով: Ձեր արածն այնքան ոչ պրոֆեսիոնալ է և այնքան անհեթեթ, որ դա նույնն է, ինչ կորոնավիրուսը մինչը հիմա գրիպ հռչակելը: Մինչև դուրս չգանք քարե դարից, չենք հասկանա, թե որտեղ են մեր խնդիրները և չենք կարողանա դրանք լուծել: Վաղուց ժամանակն է դավադրապաշտական և ՉէԿԱ-ի լավագույն ավանդույթներով՝ Արևմուտքում և ներսում Ջեյմս Բոնդեր փնտրելը դադարեցնելը և մեր իսկական ներքին և արտաքին թշնամիներին բացահայտելը: Հասունանալ է պետք: Տգիտության և մոդայիկ տխմարաբանություններին, բացարձակ հավատամքով բուլվարային լրատվամիջոցներով, խոսնակներով և ագիտատորներով ուղղորդվելուն, կամ դրսից թելադրված պրոպագանդան կլանելուն վերջ տալու ժամանակն է: Սթափվելու ժամանակն է»: