Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կներդրվի նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ

Կներդրվի նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ
305
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 11:10

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն այսօր խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթեցրմամբ և ամբողջությամբ:

Նախագծով առաջարկվում է ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ՝ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար:

Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը:

Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

Ըստ նախագծի ձևակերպման՝ սույն փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: «Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական
տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է»,- ասված է ձևակերպման մեջ: