Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պարզ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չէր ուզի թշնամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»․ Հակոբ Բադալյան

«Պարզ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չէր ուզի թշնամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»․ Հակոբ Բադալյան
288
Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 22:25

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է անում ուժեղ դաշնակիցը, եթե բացի դաշնակցի հետ հարաբերությունից և պարտավորությունից, նաև աշխատելու և հարաբերվելու խնդիր ունի այն սուբյեկտների հետ, որոնք սպառնալիք են դաշնակցին: Ուժեղացնում և հնարավորինս ինքնաբավ է դարձնում դաշնակցի պաշտպանական, անվտանգային կարողությունը՝ այն սպառնալիքին համարժեք, որ առկա է, որպեսզի ստիպված չլինի հանուն դաշնակցի կռվել մյուս կողմի դեմ, որի հետ էլ չի ուզում փչացնել հարաբերությունն ու ցանկանում է աշխատել, և միաժամանակ, ստիպված չլինի հանձնել դաշնակցին և վարկաբեկել նաև սեփական դաշնակցային վարկը: Բավականին արտահայտիչ օրինակ կարող է լինել ԱՄՆ-Իսրայել դրությունը: ԱՄՆ-ը նպաստել է Իսրայելի զգալի ինքնաբավությանը, որպեսզի Իսրայելն ինքն իրեն կարողանա պաշտպանել և ԱՄՆ-նը ստիպված չլինի ակնհայտ թշնամանալ արաբական պետությունների հետ: Մի քիչ ընդհանրացված օրինակ եմ բերում, բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չէր ուզի թշնամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եվ սրա համար մեղադրել Ռուսաստանին, մեղմ ասած ռացիոնալ ու սթափ չէ: Բայց, Ռուսաստանը կարող էր այս տարիների ընթացքում առավելագույնս նպաստել հայկական անվտանգային համակարգի, հայկական պետության պաշտպանունակության ինքնաբավ մակարդակի՝ բավականին բարձր լինելուն: Դա կնշանակեր, օգնել, օրինակ, Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Բայց Ռուսաստանից, օրինակ, ձայն բարբառո անապատի, երբ 2017 թվականին Սերժ Սարգսյանն Իզվեստիայում հոդվածով արտահայտել էր Գյումրիում ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու միտք: Մինչդեռ, առանց ուժեղ լոկոմոտիվի, հնարավոր չէ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել: Մեզ համար շատ հաճախ օրինակ բերվող Իսրայելն էլ դա չէր կարող անել առանց ԱՄՆ-ի: Դա օբյեկտիվ խնդիր է, կան հզորներ, որոնք թույլ չեն տա կայանալ և խաղալ, եթե չի գտնվում գործակցության բանաձևը: Հեքիաթներով պետք չէ ապրել: Իսրայելն ու ԱՄՆ-ը գտել են դա և դա զգալիորեն կախված է եղել ոչ միայն իսրայելական էլիտայի մտածողությունից, այլ նաև դաշնակցի՝ ԱՄՆ-ի մտածողությունից և պատկերացումներից: Եվ այն, որ Հայաստանը դա չի գտել, միայն հայկական էլիտայի պատասխանատվությունը չէ, այլ նաև դաշնակցի, որն ինքնաբավ Հայաստանի մեջ տեսել է ոչ թե նաև իր ուժը, իր ճկունությունը բարդ ռեգիոնում, այլ վախեցել է, տեսել սպառնալիք՝ թե կարող է կորցնել Հայաստանը: Ըստ այդմ, արել է ամեն ինչ կախվածությունն առավելագույնի հասցնելու համար: 2016-ի Ապրիլյան քառօրյայից հետո փորձեցի իմ հրապարակումներով այս միտքն առաջ տանել, որ ուժեղ Հայաստանն իրականում չի նշանակելու Ռուսաստանին «գցող» Հայաստան, որ ուժեղ և ինքնաբավ Հայաստանը ռուսներին թույլ է տալու ավելի վստահ խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ միտքը փորձեցի առաջ տանել նաև Թավշյա հեղափոխությունից հետո: Բայց, երբ ընդհանուր համատեքստում ենք դիտարկում, այսպես ասած, մտքերի հարաբերակցությունը, ապա Ռուսաստանի պետական քաղաքականության մշակումներում այսօր գերակշռում է թուրք-ադրբեջանական միտքը կամ մտքերը: Եվ երբ Էրդողանի խորհրդականը հայտարարում է, թե 25 միլիոն մահմեդականով կքանդեն Ռուսաստանը, ու Ռուսաստանի վերնախավը լռում է, դա այդ իրողության պարզ վկայություն է, ցավոք սրտի: Եվ այդ լռության պատճառը լոկ այն չէ, որ ռուսները գիտեն, որ թուրքերը դա կարող են անել այդ 25 միլիոն մահմեդականի միջոցով: Լռության պատճառ է նաև այն, որ 25 միլիոն մահմեդականից ավելի վտանգավոր է հենց այն, որ պետական քաղաքականությունը մշակվում է թուրք-ադրբեջանական մտքի գերակայությամբ: Կարո՞ղ ենք մենք՝ հայերս, փոխել այդ հարաբերակցությունը: Անհնարին խնդիր չէ, բայց չափազանց բարդ, որը նախևառաջ պահանջում է ներհայկական որակների արմատական փոփոխություն: Ահա էստեղ է, որ խնդիրը մոտենում է անհնարինության սահմանին»: