Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արմեն Սարգսյանը խտրական է մոտենում քաղաքական ուժերին. Լոնդոնում այդպե՞ս են անում». Լ. Բարսեղյան

«Արմեն Սարգսյանը խտրական է մոտենում քաղաքական ուժերին. Լոնդոնում այդպե՞ս են անում». Լ. Բարսեղյան
289
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 01:05

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մառախլապատ թեմաներով
Եթե Արմեն Սարգսյանն իսկապես ուզում էր քննարկումներ հրավիրել քաղաքական ճգնաժամի լուծման ուղիներ որոնելու համար, պիտի քաղաքական բոլոր ուժերին ու միավորումներին հրավիրեր քննարկումների, ոչ թե միայն իշխանական ուժին, խորհրդարանական ընդդիմությանը և փողոցում ցույցեր անող ընդդիմությանը: Եթե, և՝ իսկապես:
Ում, ում, բայց նախագահ Սարգսյանին հայտնի պիտի լիներ, կամ իրեն զեկուցած պիտի լինեին, որ բացի վերոհիշյալ քաղաքական ուժերը, Հայաստանում կան բազմաթիվ այլ կուսակություններ նույնպես, և նրանցից գոնե մեկ տասնյակը, որ չեն հրավիրվել քննարկման և լուծումների համատեղ որոնման, անցած ամիսներին բազմիցս հրապարակավ խոսել են մատահրավերների, ու դրանց լուծման ճանապարհների մասին: Ճիշտ է փողից խեղճ են, բայց երկիր չեն լափել ու պակաս խելք չունեն:
Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը անհասկանալի կերպով խտրական է մոտենում քաղաքական ուժերին, ստացվում է, որ եթե չհրավիրված քաղաքական ուժերն էլ ցույցեր անեին, փակեին փողոցներն ու նախագահականի մուտքը, մահվան, իշխանության զավթման կոչեր անեին ու արդարացնեին մարդասպանություն քարոզող բեմադրությունները հարյուրավոր մարդկանց աչքի առաջ և Երևանի կենտրոնում, իրենք էլ կհրավիրվեին և նրանց կարծիքներն էլ կլսվեին՝ բոլորի հետ մեկտեղ: Իսկ առանց դրա՝ ոչ: Մարդ ուզում է ասել, ախր չհրավիրվածների մեջ էլ կային քաղաքական ուժեր, որոնք վարչապետի հրաժարականն են պահանջում, ու համախոհ են հետդ, պարոն Սարգսյան, ի՞նչ հաշիվ է, ինչո՞ւ ես այդպես տարօրինակ, Վահրամ Բաղդասարյանի չափ չկա՞ն էդ քաղաքական ուժերը, որ նրանց կարծիքը լսել չես կամենում:
Այսով, պարոն Սարգսյանը Հայաստանում իշխանությունը բռնի զավթելու կոչեր անող խմբակին արդարացնում է հերթական անգամ, մտածել է տալիս, թե նորմալ է, որ երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկը քրեական հանցագործություններ հրահրող ու արդարացնող մարդկանց ու ուժերին երկրի հիմնախնդիրներ լուծման հարցում լուրջ զրուցակից է համարում, իսկ նման վարք չունեցողներին՝ ոչ: Թե՞ Լոնդոնում այդպես են անում:
Հետո նախագահականից կասեն, հաղորդագրություն կտարածեն, թե սխալ են հասկացվել, սա քննարկումների առաջին ռաունդն է, մյուսներին էլ կհրավիրեն, բա ոնց, իհարկե, խտրականությունը չի կարելի, մտքներով էլ չի անցել նման բան: Բայց չեն կարողանա պատասխանել հարցին, թե՝ ինչու հնարավոր չհամարեց բոլոր քաղաքական ուժերին՝ ով արտահայտվում է առկա խնդիրների մասին այս կամ այն կերպ, չհրավիրել միանգամից մի ժողովի և չփակել այն, մինչև թունելի պոչի լույսը չերևա: Դրանից առաջ էլ պետք էր հրավիրել ոչքաղաքական ուժերի ներկայացուցիչներին, քաղաքացիական զանազան միավորումների կարծիքներն ու առաջարկություններն իմանալ»: