«Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական պետականության գաղափարն է». Նարեկ Սարգսյան
312
Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 22:05
Ջութակահար, ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական պետականության գաղափարն է: Ինչպես քո սիրած աղջիկը՝ սիրո գաղափարն է: Ինչպես Քրիստոսը՝ աստծո գաղափարը: …Ամեն օկ ա՞: Ինֆարկտ չստացա՞ք: Դե շարունակեք կարդալ, որովհետև գրածիս վերջում լուսավոր բան կա: Երբ դու սիրում ես, գրկում-պաչում ես աղջկան, դու չես պաչում աղջկան՝ նուրբ շուրթերի համար: Դու պաչում ես գաղափարի համար: Քեզ համար թանկը պարզապես աղջիկը չէ, այլ քո սիրո գաղափարը, որ մարմնավորված է այդ աղջկա մեջ: Քրիստոսը Մարիամի արգանդում էր զարգացել, Մարիամի որդին էր, բայց եթե դու հավատում ես Քրիստոսին, դու չես հավատում Մարիամի որդուն, այլ հավատում ես աստծո գաղափարին, որը մարմնավորված էր Քրիստոսի մեջ: Իմ ճանաչած ամենավիրտուոզ ավետարանչական քարոզիչներից մեկը՝ Վիլհելմ Բուշը, այսպես էր ասում. «Ինչու՞ է Քրիստոսը այդքան կարևոր: Որովհետև եթե նա չլիներ, մենք Աստծո մասին ոչինչ չէինք իմանա»: Նույնն էլ հավանաբար մյուս կրոնների դեպքում է: Եթե դու հայհոյում ես Քրիստոսին ու հեռանում նրանից, դու չես հեռանում «Մարիամի որդուց», այլ դու հեռանում ես գաղափարից: Ու եթե հետո բողոքում ես հետևանքներից, ուրեմն հիմար ես: Որովհետև հետևանքները քո արարքի արդյունք էին: Նույն կերպ եթե քո սիրած աղջիկը չլիներ, դու սիրո մասին ոչինչ չէիր իմանա: Դու ամեն օր մերկացած անկողին ես մտնում ո՛չ թե այդ աղջկա համար, այլ սիրո գաղափարի համար, որովհետև կան միլիարդավոր ուրիշ աղջիկներ, միգուցե ավելի սիրուն, քան քոնը, բայց դու իրենց հետ ամեն օր մերկացած անկողին չես մտնում: Եթե դու հեռանում ես քո սիրուց և հետո բողոքում ես հետևանքներից՝ ուրեմն հիմար ես: Որովհետև հետևանքները քո արարքի արդյունք էին: Լևոն Տեր-Պետրոսյանը պետականության գաղափարն է, պետական կառուցվածքի, եթե թույլ տրվի ասել «Հայկական սուբյեկտայնության» գաղափարը: Ուստի կարևորը ոչ թե Տեր-Պետրոսյանի անունն է, այլ այն գաղափարը, որի մասին դու գիտես կամ կարող ես իմանալ, որովհետև Տեր-Պետրոսյանը կա: Եթե չլիներ, միգուցե չիմանայիր: Փորձեք ինձ ճիշտ հասկանալ: Տեր-Պետրոսյանը նրա համար չէ, որ իրեն սիրեք: Տեր-Պետրոսյանը անհրաժեշտություն է, եթե մենք ուզում ենք պետություն ունենալ և անհրաժեշտություն չէ, եթե չենք ուզում պետություն ունենալ: Ինքը նրա համար է, որ դու, հայ մարդ, իր մասին քո կարծիքով չափես պետականության գաղափարը յուրացրած լինելուդ աստիճանը, ինչպես ջերմաչափով չափում ես մարմնիդ ջերմաստիճանը: Եթե դու հայհոյում կամ զրպարտում ես նրան, դու դրանով չես հայհոյում կամ զրպարտում Լևոնին, այլ դու դրանով խեղաթյուրում ես ամենաթանկ գաղափարը՝ հայկական պետականության գաղափարը, որը միակ երաշխիքն է, որ ինչպես հիմա դու խոսում ու գրում ես հայերեն, 1000 տարի հետո էլ քո ծոռների ծոռները խոսեն ու գրեն հայերեն: Ուրիշ երաշխիք չկա: Ու եթե հայհոյելով ու խեղաթյուրելով այդ գաղափարը՝ դու բողոքում ես Արցախի կորստից՝ ուրեմն հիմար ես: Որովհետև մեր կորուստի պատճառն ընդամենը այն էր, որ պետության ղեկավարը դիտավորյալ ու շարունակաբար հայհոյեց և խեղաթյուրեց այդ գաղափարները: Եթե չհայհոյեր ու չխեղաթյուրեր, չէինք կորցնի Արցախը: Սա՛ է ճշմարտությունը: Թուրքերը չեն հայհոյում և զրպարտում Աթաթուրքին, կամ հնդիկները՝ Գանդիին, կամ ֆրանսիացիները՝ Դը Գոլին, կամ գերմանացիները՝ Բիսմարկին, կամ չինացիները՝ Կոնֆուցիոսին, կամ՝ ամերիկացիները՝ Վաշինգթոնին: Այդ մարդիկ միգուցե լավ մարդիկ էին, միգուցե վատ: Բայց էականը դա չէ: Այլ էականն այն է, որ այդ մարդիկ իրենց երկրների պետականության գաղափարի մարմնավորումն էին: Իրենց ժողովուրդները այդ գաղափարների արժեքը լավ գիտեին, դրա համար չէին խեղաթյուրում, դրա համար էլ հզոր պետություններ դարձան: Որովհետև հիմարաբար չկտրեցին այն ճյուղը որի վրա նստած են: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մեր պատմական միջավայրի 90 տոկոսը կորցրել ենք անվերադարձ (մի մասը՝ հազար տարի առաջ, մի մասը՝ հարյուր տարի առաջ, մի մասը՝ մի երկու ամիս առաջ): Կորցրել ենք, ոչ թե որովհետև թուրքը նենգ էր, մենք էլ՝ խեղճ, այլ որովհետև պետականություն կառուցող չկար: Մնացած 10 տոկոսի վրա պետություն ենք ստեղծել: Ո՛չ թե որովհետև թուրքը կռվել չգիտեր, իսկ մեր զինվորը ամենաքաջն էր, այլ որովհետև պետականություն կառոցող կար: Սա է ճշմարտությունը: Եթե շարունակենք հեռանալ պետականության գաղափարներից, եղած Հայաստանն էլ կկորցնենք: Թող ոչ ոք պատրանքներ չունենա այս հարցում: Պետությունների ապահովագրության սիստեմ իմ իմանալով բրիտանացի գիտնականները դեռ չեն հայտնաբերել: Ո՛չ մի զինվոր, ինչքան էլ քաջ լինի, չի կարող պետություն ստեղծել կամ պահպանել, եթե չկան պետականության գաղափարը կրող ու պետություն կառուցող քաղաքական գործիչներ: Այսօր Հայաստանի ապագան կանխորոշված չէ: Հնարավոր են տարբեր սցենարներ՝ ամենալավից մինչև ամենավատը: կկործանենք այս փոքրիկ պետությունը, թե կդարձնենք տարածաշրջանի ամենահաջողակ երկրներից մեկը, կախված է ընդամենը մի բանից. Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները, այլ կերպ ասած պետականության գաղափարները հասկանալու մեր ունակությունից կամ այդ ունակության բացակայությունից: Սա է ճշմարտությունը: Կհասկանա՞նք - կդառնանք այնքան հաջողակ երկիր, որ մեզ մատով ցույց կտան, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում: Նույնիսկ եթե չուզենանք էլ՝ կդառնանք: Որովհետև մեր ազգային հանճարի սերմը հենց բարեբեր հող է գտնում՝ անմիջապես ծիլ է տալիս: Չե՞նք հասկանա - քայլ առ քայլ կկորցնենք նաև այս Հայաստանը՝ մինչև վերջին թիզը: Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ այս անգամ՝ անվերադարձ: Նույնիսկ ի վիճակի չենք լինի հետևներիցս դուռը շրխկացնելու: Աշխարհի առաջատար թերթերում մի օրվա մի էպիզոդ ենք լինելու՝ ո՛չ ավելի: Այ դա՛ կլինի իսկական «ոչմիթիզականությունը», երբ Հայաստանից այլևս ոչ մի թիզ հող չի մնա: Աշխարհն անարդար չէ: Աշխարհն արդար է: Պարզապես աշխարհը կատակներ չի սիրում: Նախկինում ինչ ցանել ենք, այն էլ հնձել ենք: Այդպես է այսօր, այդպես է լինելու միշտ:»