Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կանխե՛ք Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ մշակութային վանդալիզմը»․ Աննա Կոստանյանի ուղերձը

«Կանխե՛ք Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ մշակութային վանդալիզմը»․ Աննա Կոստանյանի ուղերձը
206
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 18:40

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել․ «Ուղերձս միջազգային հանրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես Շուշին ու Դադիվանքը՝ որպես ադրբեջանական ներկայացնելու և պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերի վերաբերյալ։
Հարգելի՛ գործընկերներ,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար կեղծ հայտարարություններ է անում Արցախում հայկական պատմական մշակութային ժառանգության վերաբերյալ՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է:
2020 թվ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական հովանավորությամբ, Արցախի Հանրապետության դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելուց հետո, շուրջ հինգ հազար և ավելի երիտասարդների սպանելով, ևս հինգից տաս հազարին հաշմանդամ դարձնելով՝ հանցավոր և անօրինական կերպով գրավեց Արցախի հարավային մասերը՝ վարելով այդ բնակավայրերի բնիկ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանային քաղաքականություն: Օրերս Լոնդոնի մետրոյի կայարաններում ադրբեջանական ռազմական հանցագործությունների արդյունքում բռնագրավված հայկական պատմամշակութային հուշարձանները գովազդվում էին՝ որպես «Բազմամշակույթություն», տարածելով կեղծ տեղեկատվություն, որ հայկական Շուշին, Դադիվանքի վանքը և մնացած գրավյալ տարածքների մշակույթի հուշարձանները ադրբեջանական են, և որ «Ադրբեջանը բազմամշակութայնության կենտրոն է»: Պաստառները շուտով հանվեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության օգնությամբ:
Սա վառ փաստ է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հայերի նկատմամբ մշակութային, էթնիկական և կրոնական հողի վրա ատելությունը և թշնամանքը սերմանվել են պետական բարձրագույն մակարդակում: Արցախում այսօր էլ շարունակվում է էթնիկական զտումների և ցեղասպանության քաղաքականությունը, որը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում: Խոշտանգումները, գլխատումները, անդամահատումները և այլ վայրագությունները, որոնք կատարվել են հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցի զինվորների կողմից ամբողջ պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանի նախագահի կրակոտ ելույթներից ոգեշնչված, աշխարհը խստորեն չի դատապարտվել, և այժմ, ըստ էության, աշխարհում լայնորեն տարածվում է նման հակահայ և կեղծված քաղաքականությունը:
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանից պատասխան է ակնկալում կազմակերպության փորձագիտական առաքելություն Արցախ գործուղելու հնարավորության վերաբերյալ, ինչին ի պատասխան Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է վերանայեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը.
Ուղղակի ուզում էի հիշեցնել, որ Արցախում վերջին հաշվարկներով գոյություն ունի պատմամշակութային ժառանգության մոտ տասնհինգ հազար հուշարձան (բերդեր, տաճարներ, խաչքարեր, գերեզմանաքարեր)։ Բոլորն էլ վաղուց գույքագրվել են և ունեն անձնագրեր:
Հարգելի գործընկերներ աշխարհի բոլոր խորհրդարաններից, Հայաստանը և Արցախը միշտ հարգալից և հոգատար են եղել այլ ժողովուրդների և կրոնների մշակութային հուշարձանների ու արժեքների նկատմամբ: Խնդրում եմ, մի՛ աջակցեք հակահայ քաղաքականությանը և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կեղծման քաղաքականությանը: Սա անընդունելի է:
Իմ խոսքերն եմ հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ չկաշկանդվել հետևել համընդհանուր մշակութային ժառանգության պահպանման՝ Ձեր կողմից որդեգրած սկզբունքներին: Կանխե՛ք Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ մշակութային վանդալիզմը: Ակնկալում եմ ավելի կառուցողական համագործակցություն»։