Ձվի շուկայում վարույթ կհարուցվի, բենզինի շուկայում ուսումնասիրություն է սկսվել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով, որին մասնակցել են առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բարեփոխումները, պատասխանել ներկաներին հուզող ամենատարբեր հարցադրումներին:
Միջոցառումից առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների հետ ճեպազրույցում ներկայացրել է քննարկման նպատակը, անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցադրումների ձվի շուկայում ստեղծված իրավիճակի և բենզինի շուկայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ է ունենալու բիզնես հանրության ներկայացուցիչների հետ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվող նոր կարգավորումները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը, մանրամասն ներկայացնելու նպատակով: Նա հավելել է, որ հանձնաժողովը մշակում է խորհրդատվական բնույթ ունեցող ուղեցույցներ, որոնք էականորեն կարող են բիզնեսի կյանքը հեշտացնել:
«Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը» դրանցից մեկն է, որի հիմնական նպատակն է մատակարարների համար դեպի շուկա մուտքի հավասար պայմանների ապահովումը: Հանձնաժողովն առաջարկում է նաև, որպեսզի մատակարարման պայմանագրերը լինեն գրավոր, թափանցիկ և հրապարակային:
«Հաճախ բիզնեսի կողմից կատարվող խախտումների պատճառն օրենքի մասին ունեցած սխալ կամ թերի պատկերացումներ են լինում: Մեր նպատակը խախտումը ոչ թե պոստֆակտում հայտնաբերելն է, այլ դրա հնարավորինս կանխարգելումը: Այս միջոցառումները պարբերական բնույթ են ունենալու: Արդյունքում, կարծում եմ, կշահի թե՛ բիզնես, թե՛ հանրությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել, հավանաբար վաղը վարույթ կհարուցվի խոշոր տնտեսվարողների նկատմամբ մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով, և եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում: Ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ, և ներքին քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Զատիկին ընդառաջ արդեն այսօրվանից ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա: Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորել է խուճապահար գնումներ չկատարել, քանի որ եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդել է, ինչը պետք է թույլ չտալ:
Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
58519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
233216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
168415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
207413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89612.11.2026, 16:00