Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ազգային-ժողովրդավարական բևեռը կարևոր պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանից»․ Վարուժան Ավետիսյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռը կարևոր պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանից»․ Վարուժան Ավետիսյան
335
Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 13:24

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային-ժողովրդավարական բևեռը կարևոր պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանից
Սույն թվականի մարտի 17-ին Ազգային-ժողովրդավարական բևեռն ի դեմս հայ ժողովրդի աջակցության և ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ նամակ-դիմում էր հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը՝ նաև երախտագիտություն հայտնելով մեկ դար առաջ Հայաստանին և հայությանը պատուհասած աղետալի շրջանում ցուցաբերած աջակցության համար։
Նամակ-դիմումին կցված էր Ազգային-ժողովրդավարական բևեռի պաշտոնական հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non NATO ally) կարգավիճակ ձեռք բերելու կենսական անհրաժեշտության վերաբերյալ։
Սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիից ստացվել է նրա երկրի կառավարության տեսակետներն արտահայտող պատասխան նամակ։
Նամակում, որն հասցեագրված է Ազգային-ժողովրդավարական բևեռի անունից դիմումը ստորագրած Բևեռի խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանին, ասվում է. «Շատ շնորհակալ եմ Ձեր նամակի համար, որը հասցեագրված է ԱՄՆ կառավարությանը, որտեղ հիշատակել եք ԱՄՆ օգնությունը Հայաստանին 1915թ․ ողբերգությունից հետո։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարմորեն օգնել Հայաստանին՝ ուժեղացնելով նրա ժողովրդավարական կառույցները, նրա կապերն Արևմտյան կառույցների հետ և նրա ներգրավվածությունը տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության մեջ՝ միաժամանակ օգնելով ամրապնդելու նրա ինքնիշխանությունը։
Մենք շարունակելու ենք աշխատել Ձեր կառավարության և հայ ժողովրդի հետ՝ կառուցելով մեր համագործակցությունը և ամրապնդելով մեր կապերը»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նամակը պարունակում է աշխարհի գերտերության քաղաքականությունն արտացոլող կարևոր դրական ուղերձներ։
Դրանցից հատկանշական են հետևյալները.
1) ԱՄՆ-ն աջակցելու է ժողովրդավարացման և Արևմուտքի հետ գործակցությամբ տարածաշրջանին և աշխարհին ինտեգրվելու միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելուն,
2) ԱՄՆ-ն այդ նպատակների իրագործման համար աշխատելու է ոչ միայն կառավարության, այլև անմիջականորեն հայ ժողովրդի (ի դեմս ազգային շահերը ներկայացնող քաղաքական շրջանակների) հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ուղերձները վկայում են Հայաստանը ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս՝ որպես քաղաքակիրթ աշխարհի մաս ու տարածաշրջանում դերակատար տեսնելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նրա պատրաստակամության մասին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղերձները նաև փաստում են, որ նա Հայաստանը ռուս-թուրքական սայլին կցող կառավարությունից զատ ճանաչում և ընդունում է ինքնիշխան հայ ժողովրդի կամքն ու ընտրությունը՝ հանուն ազատ և արժանապատիվ ապագայի։
Շնորհակալություն ենք հայտնում մեր ապագա ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներին»։