Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը. FIP
![]() 247 Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 17:48 «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար ապրիլի 25-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները։ Հայտարարությունից հետո փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կամավոր հրաժարականից հետո Փաշինյանը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը։ «Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը»,- գրել էր նա՝ նշելով, որ այս մոտեցումն անօրինական է, և առկա է Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ (իշխանությունը պահելը՝ հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը)։ Մինչ այդ, հրաժարական ներկայացրած վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման անհնարինության մասին էր գրել նաև «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ 2018 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանը շարունակել էր պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել էր Սահմանադրության էության խախտում: «Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ»,- գրել էր նա։ Factor.am կայքն էլ, իր հերթին, հիշեցրել էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության հարթակից արված հայտարարությունը, որ վարչապետի հրաժարականի պարագայում վերջինս չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ արդյո՞ք Սահմանադրությունը թույլ է տալիս հրաժարական տված վարչապետին շարունակել կատարել վարչապետի պարտականությունները, և ինչպիսի նախադեպեր են եղել։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը Մասնավորապես, 158-րդ հոդվածով, որով սահմանվում է կառավարության հրաժարականը, նշվում է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Իսկ Սահմանադրության 147 հոդվածով, որով սահմանվում են կառավարության կազմն ու կառուցվածքը, վարչապետը ևս համարվում է կառավարության անդամ։ Նման նախադեպ եղել է 2018-ի աշնանը, երբ արդեն վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, սակայն շարունակել էր պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչ վերաբերում է 2018թ. ապրիլի 23-ին, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ չստանձնելով ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, ապա նրան փոխարինեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլին կառավարության ընդունած 470-Ա որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ հրաժարական տված վարչապետը կարող է շարունակել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, իսկ Սերժ Սարգսյանը 2018-ին հրաժարվել էր այդ պարտականությունից, քանի որ իր լիազորությունները կատարելու անհնարինության վերաբերյալ կառավարության որոշում կար»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
