Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բա էլիտա ձևավորելը հո պոզով-պոչով չի՞ լինում». Թևան Պողոսյան

«Բա էլիտա ձևավորելը հո պոզով-պոչով չի՞ լինում». Թևան Պողոսյան
236
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 22:15

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես պատմաբան չեմ և պատմության ապագա ընկալումներին գիտական մոտեցում չեմ կարող ցուցաբերել, բայց իմ անձնական ընկալումը, հուսով եմ, որ ապագայում թոռներիս ներկայացնելու հնարավորություն ունենալու եմ:
Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց դա եթե չլիներ մեր պարտությունը: Իսկ հիմա այլ է լինելու: Նա մարդ է, որ ժամանակին ձևավորեց հայկական էլիտան, հիմք դրեց մեր ազգային արժեքների վերացմանը և իր խոսքով ամբողջ հայկական քաղաքական դաշտը թողեց պայքարի մեջ անցյալի հետ՝ հենց իր կերտած անցյալի:
Մեկ անգամ ասել եմ, որ չկա մեկը բացի նախագահ Տեր-Պետրոսյանից, ով ամենաշատն է ձևավորել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, դե Նիկոլի մասին էլ իմաստ չկա խոսել: Բայց ի տարբերություն Ռոբերտի և Սերժի, Լևոնի ժառանգությունը ոչ ոք այնքան չավիրեց, ինչքան՝ Նիկոլը: 2018-ի ապրիլ-մայիսին Լևոն «the Democrat»-ն ավիրվեց, 2020 նոյեմբերի 9-ին Լևոն-Ազատագրիչն իր վախճանը կնքեց որպես պատմական երևույթ, իսկ դրանից հետո վարվող քաղաքականությունը հենց Տեր-Պետրոսյանն է լավագույնս նկարագրել՝ նշելով, որ Նիկոլն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ազերա-թուրքական քաղաքականությունը: Այդ վերջինի արդյունքում էլ դե հասկանալի է, որ Լևոն-Հիմնադրի պատմական կերպարի վերացումը կլինի, քանի որ վստահ եմ՝ լավ է հասկանում, որ թշնամու նպատակը Հայոց պետականության վերացումն է:
Այնպես որ եթե որևի մեղավոր եք ցանկանում գտնել, մի հատ ձեր մեջ սկսեք առաջինը նայել: Ո՞ւմ ստորագրությունն է դրած և այդ ո՞ւմ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել, ... Նիկոլին ցուցակ վերցնել և առաջ տանել... բա էլիտա ձևավորելը հո պոզով-պոչով չի՞ լինում...
Արդեն ասել եմ, որ այն ուժը, ով պայքարելու է անցյալի հետ և ոչ թե առաջարկելու է ապագա ազգային օրակարգ, այլևս չի լինելու իմ քաղաքական հետաքրության դաշտում: Հուսամ, որ մեր ազգային պետականության ինքնության, Հայրենիքի 1994 թվականի սահմաններում վերածննդի և վերականգման մասին կլինեն հարցերը, որ կպատմեմ թոռներիս, այլ ոչ թե անձերի, որոնք իրենց անձնական դերակատարման մասին միայն հետաքրքրված էին:
Տեսնես մայիսի 28-ի ընդառաջ ապագայի մասին խոսք կլսե՞նք»: