ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ՝ կապված ընտրություների հետ։ Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։ Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից։ Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղաքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացներու համար հարթակներից մեկն էր։ Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։ Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։ Ասեմ ավելին, մենք, որքան հնարհավոր է, առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։ Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։ Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք։ Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։ Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվող պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։ Աստված բոլորիս պահապան։ Մեր պայքարը շարունակվում է։ Հարգանքներով՝ Արման Աբովյան Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց»։