«Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա». Իոաննիսյան
183
Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 21:50
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա Մենք համեմատել ենք ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում և այդ տեղամասերը ներառող տարածքներում: Ուժերից և որևէ մեկը հոսանքազրկված տեղամասերում չի ստացել իր՝ այդ տարածաշրջանում հավաքած ձայներից էապես ավելի կամ պակաս քվե: Այսպիսով, հոսանքազրկումները եղել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք տեղամասերում: Շուրջ 15 րոպեով հոսանքազրկվել էին հանրապետության տեղամասերի մոտ 1/4-րդ մասը: «Քաղաքացիական պայմանագիրը» հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 62,7 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 62,6 %: «Հայաստան» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 14,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 16,2 %: «Պատիվ ունեմ» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 4,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 4,3 %: Թվերի փոքր տատանումը ամբողջությամբ նորմալ է, քանի որ տարբեր տեղեր մարդիկ կարող են մի փոքր տարբեր կերպ քվեարկել: Այլ կերպ ասած, վիճակագրությունը վկայում է, որ հոսանքազրկված տեղամասերում որևէ էական կեղծիք չի եղել: Թվերի վերանիշյալ տարբերությունները համապետական արդյունքների մեջ մոտ 0,2 տոկոսի ներդրում ունեն: Այսինքն, եթե պայմանականորեն հոսանքազրկված տեղամասերի արդյունքները փոխարինվեն այդ մարզերի միջին արդյունքներով, ապա ԱԺ անցած 3 քաղաքական ուժերի համապետական արդյունքները կտատանվեն առավելագույնը 0,2 տոկոսով: Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀԷՑ-ի փոխտնօրենը՝ Դավիթ Ղազինյանը, «Հայաստան» դաշինքով թեկնածու Արթուր Ղազինյանի եղբայրն է և հրապարակայնորեն ակտիվ զբաղված է այդ դաշինքի քարոզչությամբ: Ավելին, «Անկախ դիտորդը» բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ ՀԵՑ-ում աշխատողներին ստիպում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին ու քվեարկել այդ դաշինքի օգտին: Դրա ֆոնին «Անկախ դիտորդի» համար կանխատեսելի էր, որ ընտրությունների գիշերը կլինեն հոսանքազրկումներ և մենք այդ մասին հարցը ներառել էինք մեր դիտորդների դիտարկման քարտերում»: