Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
![]() 294 Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 20:36 Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։ Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին: Նախագահը նշել է, որ պարտությունը պետք է դաս լինի բոլորիս համար՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, մինչև շարքային քաղաքացի: «Իսկ դասերը բազմաթիվ են: Առաջինի մասին ասացի՝ պետք է իրականության հետ ապրենք: Մյուս եզրակացությունն այն է, որ ցանկացած պետություն, ի վերջո, իր ապագան կառուցում է՝ հենվելով իր առավելությունների վրա: Իսկ մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են: Այստեղ մենք առավելություն ունենք, որովհետև ունենք Սփյուռք. Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ապրում, և դա հսկայական առավելություն է,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հայրենակիցներ ունենք, որոնք կրթում են, կրթվում են, զարգանում, փորձառություն են ձեռք բերում, հետո այդ ամենը կարող են բերել Հայաստան, բայց մենք արգելքներ ենք դնում: Իսկ 21-րդ դարն, ի վերջո, չի լինելու բնական ռեսուրսների դար: Աշխարհի ամենամեծ ընկերությունները վաղուց արդեն ոչ թե նավթային, այլ տեխնոլոգիական ընկերություններն են»: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»: Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»: Խոսելով զարգացած երկիր ունենալու տեսլականի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, երիտասարդներին հայրենիքում պահելու խնդրին: Հանդիպման ավարտին հաջողություններ մաղթելով մասնակիցներին՝ նախագահը նշել է. «Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան»: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
