Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մենք մեր որոշումների արդյունքն ենք». Տարոն Սիմոնյան

«Մենք մեր որոշումների արդյունքն ենք». Տարոն Սիմոնյան
382
Կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ., 01:06

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «ՄԵՆՔ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆՔ
Ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու:
Ժամանակն աշխատում է նրա օգտին, ով ժամանակ չի կորցնում, իսկ մենք ժամանակը դեռ տեսնում ենք որպես ծանր անցյալի, անտանելի ներկայի և պայծառ ապագայի ինչ֊որ մի հոսք, որը միշտ՝ անկախ առաջ գնալուց, այդպիսին էլ մնում է։
Կազմակերպված տգիտության ժամանակակից միտումների մտակարգում «հարմար» ինքնահոսի հույսին կամ հավատին տրված ցանկացած հանրույթ դատապարտված է տարրալուծման ու մոռացության, եթե անգամ նա «ժամանակի սիրելին» է եղել կամ «բախտը բերել» է։
Ինչպես ճարտարապետն ու ինժեներն են ամեն ինչ հաշվարկում ապագայի ամուր տաճարը կառուցելիս, այնպես էլ առաքինի անհատներն են ամեն ուժ օգտագործում հզոր, առաջադեմ պետականություն ու ազդեցիկ ազգ կառուցելու համար՝ ոչ միայն վեհ հայրենասիրական պոռթկումներից ելնելով, այլ նաև արդյունավետ անհատական և կոլետկտիվ կյանք ունենալու չափազանց պրագմատիկ հաշվարկի արդյունքում։
Այդ ընթացում նրանք պետք է հավատան, ձուլվեն ու նույնանան այն ապագայի հետ, որ կառուցում են։
Իսկ այդ ապագան ընդունում է քեզ, եթե դու ինքդ ես այն ընդունում՝ որպես անխուսափելի, և չես կասկածում քո առաքելության վրա։
Ես երբեք չեմ կարող ընդունել, որ քոչվոր թուրքը կամ որևէ այլ ազգ ավելի շատ կարող է սիրել Հայկական լեռնաշխարհի հողը, քան հայը։
Ես երբեք չեմ կարող ընդունել, որ այդ հողի համար պայքարում քոչվոր թուրքը կամ որևէ այլ ազգ ավելի համառ կարող է լինել, քան հայը։
Ես երբեք չեմ կարող ընդունել, որ հայ մարդու համար կյանքն ավելի թանկ է, քան արժանապատվությունը։
Ես երբեք չեմ կարող ընդունել, որ կա խնդիր, որ հնարավոր չէ լուծել...
Բայց ես ընդունում եմ, որ մենք այն ենք, ինչ որոշում ենք լինել՝ ծանր անցյալի, անտանելի ներկայի և պայծառ ապագայի գերին, թե՞ մարդիկ, ովքեր մտածում են և որոշում կառուցել իրենց անցյալը, ներկան ու ապագան ...
Ինչ եմ ուզում ասել, #սկզբիցպետքէսկսենք՝ մարդ֊անհատի ձևավորումից։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան