«ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրությունների օրերը»․ Էմին Երիցյան
329
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 01:06
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։ ՀՀ ԸՕ-ի համաձայն հերթական ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը։ Քանի որ երբեմն օրենքների պահանջները հստակ չեն պահպանվում, մի քանի ընդգծում անեմ։ ԿԱՐԵՎՈՐ Է 1. Քվեարկության օրը պետք է լինի ավագանու կամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։ Օրինակ, Գյումրի ու Վանաձոր քաղաքների ավագանիների նախորդ ընտրություններն անցկացվել են 2016-ի հոկտեմբերի 2-ին։ Այս պարագայում, 2021-ի քվեարկության օր պիտի ընտրվի հոկտեմբերի 17-ը, ոչ թե նոյեմբերի 14-ը։ 2. Ընտրական օրենսգրքի 120 և 127 հոդվածներում հակասություն կա մարզպետի կողմից համապատասխան որոշում ընդունելու ժամկետի հետ կապված։ Մեկ դեպքում սահմավում է 70-օրյա, մյուս դեպքում՝ 60-օրյա ժամկետ։ Ուստի, ԸՕ-ն չխախտելու համար ճիշտ է առաջնորդվել 70-օրյա ժամկետով։ 3. Այդպիսով։ Հոկտեմբերի 17-ի ընտրությունների համար մարզպետների համապատասխան որոշումները պետք է ընդունեվեին ու հրապարակվեին ոչ ուշ քան մինչև 2021-ի օգոստոսի 8-ը։ 70-օրյա ժամկտն արդեն իսկ խախտվել է։ 60-օրյա ժամկետով կողմնորոշվելու դեպքում նման որոշումները պետք է կայացվեն ու հրապարակվեն մինչև օգոստոսի 18-ը։ Հոդված 120 2. Ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: 2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։ 2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ՝ իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հոդված 127. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ»: