Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բաքվում ավելի ու ավելի են զգում, որ արցախյան խնդիրը չեն լուծել». Ստյոպա Սաֆարյան

«Բաքվում ավելի ու ավելի են զգում, որ արցախյան խնդիրը չեն լուծել». Ստյոպա Սաֆարյան
366
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 10:36

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես քանիցս անդրադարձել եմ Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո, Բաքվում ավելի ու ավելի են զգում, որ արցախյան խնդիրը չեն լուծել, այլ ավելի են բարդացրել։

Ի տարբերություն հայ որոշ ընդդիմադիր անուղեղների՝ նրանք հասկանում են, որ փաստացի շահել են ճակատամարտ, այլ ոչ թե պատերազմ, և որ կապիտուլյացիա տեղի չի ունեցել։ Ահա թե ինչու շտապում են Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի պայմանագիր՝ «Խաղաղության պայմանագրի անվան տակ»։ Ավելին, արդեն ընդունում են, որ Ադրբեջանի տարածքի մի մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, թեպետ շեշտում են, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են գտնվում Ադրբեջանի տարածքում ու նկատելի է, որ ռուսներին այնտեղից հանելու ջանքերն ու կոչերն ավելանալու են։ Սա լավ է․ սա Մոսկվային ավելի ու ավելի է մղելու հակառակ դաշտ՝ հակամարտությունը փակված չհամարելու տիրույթ, որտեղ, եթե անգամ առաջին դեմքով էլ չկարողանա խաղալ Ադրբեջանին չկորցնելու համար, ստիպված է լինելու խաղի մեջ մտցնել թե՛ Երևանին, թե՛ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որոնք ավելի ազատ են դա հիշեցնում Բաքվին։

Բաքվում ծանր են տարել Արցախում ռուս խաղաղապահների վերջին զորավարժությունը, ամենայն մանրամասնություններով վերլուծել այն, ու արդեն զայրացած հարցեր են տալիս, թե այդ ում դեմ են պատրաստվում մարտ վարել ռուս խաղաղպահները, որոնք շրջապատված են ադրբեջանական զինված ուժերով․..

Բաքվում կատաղած են, որ Արցախում մնում են ՊԲ ուժերը (այստեղ է, որ հասկանալի է դառնում, թե ինչու Հայաստանը հեռատեսորեն ժամանակավորապես զորակոչ չուղարկեց այնտեղ, մինչդեռ այստեղ ընդդիմությունը կրկին աղմուկ-աղաղակ էր բարձրացրել), ինչի կապակցությամբ պաշտոնապես ՊՆ մակարդակով դժգոհություն են արտահայտել ու այն մեկնաբանել որպես եռակողմ հայտարարության խախտում՝ պահանջելով, որ Մոսկվան բացատրություն տա դրա համար, մինչդեռ պարզաբանում տվել է պաշտոնական Երևանը, որ հայկական զինված ուժերի դուրսբերում մնացած հատվածից նախատեսված չէ այդ հայտարարությամբ։

Բաքվում կատաղած են, որ «անջատողականության հարցն իսպառ չեն փակել», այսինքն՝ հասկանում են, որ ընդհատված ճակատամարտը սոսկ անհավասար արդյունքներով մի բան էր, և գլխավոր խնդիրը լուծված չէ ու այժմ որևէ քայլ առաջ գնալը նշանակում է դեմ գնալ անմիջապես Ռուսաստանին։ Այսինքն՝ աչքների առաջ է Հարավային Օսիայի ու Աբխազիայի օրինակը, երբ ռուս զինվորականի դեմ կրակոցը հանգեցրեց ողջ տարածաշրջանի կորստին։

Բաքվում կատաղած են, որ Արցախում որքան էլ դիրքերի վրայից անկախ պետականության սիմվոլակնները հանվել են, բայց հայկական բանակը շարունակում է նախկինի նման կատարել իր ծառայությունը, ավելին՝ կատաղած են, որ հարվածային ԱԹՍ-ները խոցվել են Շուշիի շրջանում, չեն կարողանում ուղղակիորեն մեղադրել ռուսական կողմին, բայց ատամներ են կրճտացնում ու հասկանում են, որ դա առանց միացյալ ՀՕՊ-ի չէր լինի։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ իր հայտարարությունն է արել, թե ռազբորկա են անում, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, հասկացնելով, որ Բաքվին թույլ չեն տա դա անել։

Հաղորդագրության տեքստն էլ մի այլ կարգի է գրգռել ադրբեջանցիներին։ Նրանք մեղադրում ու արդարանում են, թե այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի ՊՆ նախարարի ագրեսիվ հայտարարություններից հետո․․․․

Բաքվում մտահոգ հետևում են Հայաստանի ՊՆ նախարարի մոսկովյան այցին ու զայրացած են, որ Շոյգուն հայտարարել է Հայաստանի բանակի մոդեռնիզացիային օգնելու ու սպառազինությունների տրամադրման մեկնարկի մասին։ Նախկինում նրանք պահանջում էին, որ Հայաստանը բանակի կարիք չունի, եթե ռևանշիստական մտադրություններ չունի։ Շոյգույի այս ազդանշանը համարում են, որ, ըստ էության, Հայաստանը մարտունակ բանակ է ունենալու, Ռուսաստանը սպառազինելու է այն, իսկ ռևանշը բացառված չէ․․․

Բաքվում աստիճանաբար մտահոգվում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուսական սահմանապահ ուղեկալների տեղակայումից, թեպետ շարունակում են հավատալ, որ Ռուսաստանի ռեսուրսները չեն բավականացնի այդ շուրջ 900 կիլոմետրանոց սահմանգիծը սպասարկելու համար։ Մինչև կհայտնաբերեն, որ դեմարկացիայի իրենց պարտադրած սցենարն արդեն ժամանակավրեպ է ու բավական տարբերվում է ռուսական մոտեցումից, ուշ կլինի․․.

Փոքր, բայց էական սկանդալ է առաջացել Սոլովյովի հաղորդման ընթացքում Ժիրինովսկու հայտարարություններին արձագանքած ադրբեջանցի նախկին դիվանագետի՝ ռուս ժողովրդին ուղղված վիրավորանքների կապակցությամբ։ Ժիրինովսկին իր կուսակցությունով պահանջել է, որ պաշտոնական Բաքուն ներողություն խնդրի, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ձեռքերը լվացել է, թե նա գործող դիվանագետ չէ, որ նրա համար ներողություն խնդրի։ Մինչդեռ Ռուսաստանում սպասում են, որ Բաքվի իշխանություններն առնվազն քրեական գործ հարուցեն նախկին դեսպանի դեմ։

Բաքվում կատաղած են նաև Իրանի վրա, բողոքի նոտա է հանձնվել նրանց դեսպանին, որ պարսկական ավտոմեքենաները մուտք են գործում Արցախ՝ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության․․․․

Բաքվի կոնֆլիկտներն առանցքային խաղացողների հետ շատանում են, ու դրանց ինտենսիվությունն էլ մեծանում է։

Իսկ դրանք ոչ միայն Հայաստանի մարտահրավերների, այլ նաև հնարավորությունների մասին է․․․․

Նայում ես Ազգային ժողովի վերջին նիստերին ու ուզում հասկանալ՝ մի՞թե այս վճռական պահին նրանք այլ բան անելու ունակ չեն, Բաքվի այս կոնֆլիկտների վրա խաղալու ու դրանք խորացնելու ունակ չեն․․․ Լավ, ո՞ր մեղքի համար Հայաստանի անցյալը հետ բերեցիք․․․․

Իսկ իրականում այնքան աշխատելու տեղ կա․․․»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան